Հասարակական

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ծխելը սահմանափակող հայտնի օրինագծին

3 րոպեի ընթերցում

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ծխելը սահմանափակող հայտնի օրինագծին

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օրենքի նախագիծը նոյեմբերի 29-ին կայացած հանձնաժողովի նիստում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Օրենքի նախագծով՝ ծխախոտի օգտագործման արգելք է սահմանվում փակ տարածքներում։ Սահմանափակումներ կլինեն հանրային տրանսպորտում, մանկական խաղահրապարակներում, առողջապահական, կրթական, մշակութային հաստատություններում։ Որոշակի կարգավորումներ են նախատեսվում նաև ծխախոտի վաճառքի և ծխախոտային արտադրանքի առաջխաղացման և գովազդի սահմանափակման ուղղությամբ։

Օրենքների նախագծերի փաթեթում ընդգրկված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ, մասնավորապես, մասնավոր ավտոմոբիլային տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների օգտագործման կամ դրանց օգտագործման սահմանափակման արգելքը խախտելը, բացառությամբ սույն օրենսգրքի 135.1, 135.2 հոդվածների, առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով, իսկ ֆիզիկական անձի նկատմամբ՝ հիսունապատիկի չափով: Նույն արարքն այն պաշտոնատար անձի կողմից կատարելը, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել երեք ամսվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված վարչական տույժի կրկնակիի չափով:

Օրենքով նախատեսված դեպքերում հաստատությունների կամ հիմնարկների, կամ վայրերի, կամ տարածքների տեսանելի հատվածներում ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման արգելքի մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակների բացակայությունն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին փաթեթին կառավարությունը հավանություն է տվել սեպտեմբերի 12-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում