Տրամադրված եմ մարտական. ռուսական «Ձայնը» նախագծում հայուհի Իննան պատրաստ է մենամարտեր փուլին

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Ձայնը» նախագծում իր կատարմամբ ժյուրիին ու հանդիսատեսին ապշեցրած Իննա Սայադյանը թեպետ ձայնի հետ կապված փոքր խնդիրներ ունի, սակայն նա մարտական է տրամադրված և պատրաստվում է մենամարտեր փուլին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Իննան պատմել է փորձի, նախապատրաստական աշխատանքների, առաջիկա անելիքների մասին:

-Հարգելի Իննա, նախ շնորհավորանքներս ռուսական «Ձայնը» նախագծում ձեր հաջող ելույթի կապակցությամբ: Արդեն մարզիչների թիմը ձևավորվել է, ձեր կարծիքով Կոնստանտին Մելաձեի թիմում ինչպիսի՞ կատարողներ են հավաքվել, արդյո՞ք լուրջ մրցակցություն է սպասվում:

-Շնորհակալ եմ շատ: Այո, ճիշտ նկատեցիք, մեր թիմն արդեն ձևավորվել է: Կարող եմ ասել, որ մեր խմբի յուրաքանչյուր անդամ հետաքրքիր արտիստ է, անհատականություն՝ օժտված երաժշտական յուրահատուկ ունակություններով: Բոլորն արժանի երաժիշտներ են հրաշալի էներգետիկայով: Ուրախ եմ, որ նրանց հետ մեկ թիմում եմ, նրանք բոլորը շատ բարի են ու տաղանդավոր: Կարծում եմ, որ ապագայում էլ միասին կստեղծագործենք:

-Երբ Կոնստանտին Մելաձեն խոսում էր ձեր կատարման մասին, նա ասաց, որ շատ լավ պատկերացնում է, թե ինչ երգացանկ կարող է ձեզ առաջարկել: Իհարկե, դուք գերեցիք շատերի սրտերը ժողովրդական կատարմամբ, սակայն ո՞ր այլ ժանրում եք ցանկանում ներկայանալ այս նախագծում:

-Նախագծի ընթացքում շատ կցանկանայի ինձ ցույց տալ տարբեր ժանրերում: Կուզենայի երգել հոգով ու սրտով՝ հետաքրքիր ուղերձով, չէ որ հենց դա է ինձ ձգում:

-Հաջորդը մենամարտեր փուլն է, որը շատ շուտով եթեր կհեռարձակվի: Ինչպե՞ս եք տրամադրված, և արդյո՞ք հայտնի է, թե ինչ երգով եք հանդես գալու և ում հետ:

-Մենամարտեր փուլն այս ուրբաթ եթեր կհեռարձակվի: Հանդես եմ գալու զուգերգով: Արդեն ակտիվ փորձերի մեջ ենք: Անունը չեմ կարող հրապարակել, սակայն ասեմ, որ երգելու եմ շատ տաղանդավոր երիտասարդի հետ, նա ռուսական թատրոնի դերասան է, ռուսական հեղինակավոր մրցույթի հաղթող: Կատարելու ենք լեգենդար երգիչ Խուլիո Իգլեսիասի հայտնի երգերից մեկը: Մենք ինքներս էլ չգիտենք, թե մեզնից ով կշարունակի մնալ նախագծում: Ես կարծում եմ, որ երկուսս էլ արժանի ենք: Ի դեպ, Կոնստանտին Մելաձեն ափսոսանք է հայտնում, որ երկուսիս մասնակցությամբ կազմեց դուետ, բայց արդեն փորձերի թեժ շրջանն է, արդեն ոչինչ հնարավոր չէ փոխել: Ցավոք մեզնից մեկը պետք է լքի նախագիծը:

-Ինչպե՞ս կգնահատեք փորձերի ընթացքը և, ըստ ձեզ, ինչպիսի՞ն է աշխատանքը Կոնստանտին Մելաձեի հետ:

-Նախ ասեմ, որ էմոցիոնալ առումով մի փոքր խառը իրավիճակ է ինձ մոտ, սակայն ասեմ, որ ես շատ վճռական եմ տրամադրված: Փորձում եմ անել այն ամենը, ինչ ինձնից կախված է, որպեսզի ելույթ ունենամ որքան հնարավոր է լավ: Չնայած այն հանգամանքին, որ փոքր խնդիրներ կան ձայնիս հետ կապված, ես շարունակում եմ բուժվել և փորձերին մասնակցել, քանի որ մեր երգը հեշտերից չէ: Պարբերաբար ձայնագրում եմ մեր փորձերը, որ ցույց տամ մայրիկիս: Մայրս իմ ամենագլխավոր գնահատողն է: Նրա կարծիքը ինձ համար միշտ կարևոր է և այն միշտ օբյեկտիվ է ու ազնիվ, իսկ դա կարևոր է: Ասեմ, որ փորձերն, ընդհանուր առմամբ, լավ են ընթանում, նույնիսկ Կոնստանտին Մելաձեն շատ դեպքերում ասում է, որ ավելացնելու բան չունի: Ինձ շատ հաճելի է՝ թե նրա հետ աշխատելը, թե իմ գործընկերների: Ամեն փորձից հետո միայն ժպիտներ են: Մեր առջև դրված թիվ մեկ խնդիրը պատվով հանդես գալն է և մեր երգը գեղեցիկ ներկայացնելը: Մենք ցանկանում ենք ստեղծել հեքիաթային տպավորություն, չէ՞ որ մենք պարզապես հրաշալի երգ ենք ընտրել:

-«Ձայն տուր, ո՜վ ծովակ» երգի ձեր կատարումը մեծ արձագանք գտավ, թե Հայրենիքում, թե Ռուսաստանում: Այս հնչած գնահատականները, դրական խոսքերը որքանո՞վ են մեծացնում պատասխանատվությունը հետագա ելույթների դեպքում: Այդ կատարմամբ, կարծես, բավական բարձր նշաձող եք սահմանել:

-Ես նախ կցանկանայի իմ մեծ երախտագիտությունը հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց աջակցությունն են հայտնում մինչև հոգու խորքը հուզող գեղեցիկ բառերով: Շատ հաճելի է կարդալ այդ մեկնաբանությունները, նամակները: Դրանք ինձ աննկարագրելի էներգիա են հաղորդում: Ես շատ ուրախ եմ, որ իմ ելույթը գնահատել են ոչ միայն հայերը, այլև այն մարդիկ, ովքեր չեն հասկանում հայերեն, ծանոթ չեն մեր հայկական մշակույթին: Դա առաջին ժողովրդական երգն էր իմ կատարմամբ: Ես շատ հուզվում էի, անհանգստանում էի ելույթի հետ կապված, մտածում էի, թե որքանով լավ հանդես կգամ: Միգուցե տեխնիկական առումով ես այնպես չեմ երգել, ինչպես մեր ժողովրդական երգիչները կերգեին, բայց չնայած դրան, ես որոշեցի ընտրել հենց այդ երգը, որովհետև շատ էի ցանկանում հանդես գալ հենց ազգային կատարմամբ և անպայման դուդուկի հնչյունների ուղեկցությամբ: Ես անկեղծ սրտով ցանկանում էի, որ մեր հարուստ մշակույթի թեկուզ մի փոքր մասը լսելի լինի օտարազգի լսարանին: Շատ էի ուզում, որ լսեն մեր դուդուկը, զգային մեր ժողովրդական երգերի ամբողջ գեղեցկությունը: Ինչ վերաբերում է հարցին, ապա այդպիսի արձագանքից հետո, իհարկե, շատ կարևոր է, որ հաջորդ փուլերին ևս շատ լավ ելույթ ունենամ: Հույս ունեմ, որ լսարանը նույնպես ջերմ կընդունի իմ հաջորդ կատարումը: Ես էլ իմ հերթին կաշխատեմ, կանեմ ամեն ինչ հաջող ելույթի համար:

-Նախկինում մրցույթների մասնակցության հարուստ փորձ ունեք: Որքանո՞վ դա ձեզ օգնեց ռուսական «Ձայնը» նախագծում մասնակցելու տեսանկյունից:

-Այո, մինչև «Ձայնը» նախագիծը, ես մասնակցել եմ Հայաստանի «X-Factor» նախագծում, որտեղ զբաղեցրել եմ երկրորդ տեղը: Կարող եմ վստահաբար ասել, որ հենց այդ նախագիծը մեծ հաշվով դարձավ ինձ համար հենասյուն հետագա երաժշտական գործունեության համար, այն տվեց ինձ մեծ փորձ: Ես շատ շնորհակալ եմ այդ նախագծին, պրոդյուսեր Աննա Թադևոսյանին, ամբողջ թիմին, Էրիկ Կարապետյանին: Այդ ամենն, իհարկե, անգնահատելի է: Եվ, իհարկե, մեծ շնորհակալություն իմ հայ հանդիսատեսին: Կարող եմ ասել մի բան, այդ ամբողջ դպրոցն օգնում է ինձ «Ձայնը» նախագծի նկարահանումներում, բայց իհարկե, հուզմունք ամեն դեպքում կա:

-Դուք ձեզ փորձել եք նաև այլ ոլորտներում, զբաղվել եք գեղարվեստական մարմնամարզությամբ, ունեք մարզական երկրորդ կարգ: Հաճախել եք գեղարվեստի ստուդիա, ունեցել եք անձական ցուցահանդես տարբեր աշխատանքներով` դիմանկարներ, բատիկաներ, կավից աշխատանքներ, երգի ասպարեզում լավ հաջողություններ եք գրանցում: Հետագայում ձեզ որտե՞ղ եք պատկերացնում, ո՞ր ուղղությունն է ձեզ հոգեհարազատ:

-Ճիշտն ասած, այս փուլում կդժվարանամ կոնկրետ պատասխան տալ: Ես, իհարկե, ցանկանում եմ դառնալ արտիստ: Այս ցանկությունն ինձ մոտ ի հայտ է եկել դեռ մանկուց: Տարօրինակ է, բայց ես սովորում եմ երկու ուսումնական հաստատությունում, որոնք ոչ մի կապ չունեն երաժշտության հետ: Վերջիվերջո առաջին կրթությամբ կդառնամ մենեջեր-մարկետոլոգ, երկրորդ մասնագիտությամբ՝ սոցիոլոգ նորաձևության ոլորտում: Կարող եմ մի բան հստակ ասել, ես միանշանակ ցանկանում եմ զբաղվել արվեստով, միավորել այն ճշգրիտ գիտությունների, կառավարման հետ: Ամենակարևորը, այնպես անեմ, որ իմ գործունեությունը ինձ բավականություն պատճառի: Ինձ դուր է գալիս արարել, ստեղծագործել, ապագայում կցանկանայի իմ ներդրումն ունենալ մշակույթի ոլորտում: Երբ ասում եմ արվեստ, առաջին հերթին նկատի ունեմ երաժշտությունը:

Հարցազրույցը՝ Աննա Գզիրյանի

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում