Հասարակական

«Ատլասգլոբալ»-ի ուղևորները կարող են դիմել Ստամբուլ-Երևան դադարեցված թռիչքների փոխհատուցման համար

3 րոպեի ընթերցում

«Ատլասգլոբալ»-ի ուղևորները կարող են դիմել Ստամբուլ-Երևան դադարեցված թռիչքների փոխհատուցման համար

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական «Ատլասգլոբալ» ավիաընկերությունը ժամանակավորապես՝ նոյեմբերի 26-դեկտեմբերի 21-ը, դադարեցնում է բոլոր ուղղություններով, այդ թվում՝ Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղություններով չվերթները: Ուղևորները ստիպված են Երևան կամ Ստամբուլ վերադառնալ իրենց միջոցներով՝ ընկերության կողմից խոստացված փոխհատուցում ստանալու ակնկալիքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի պաշտոնակատար Ստեփան Փայասլյանը:

«Ես կապ եմ հաստատել Հայաստանում իրենց ներկայացուցչի՝ «ASA Travel» ընկերության (Հայաստանում «Ատլասգլոբալ» ընկերության գլխավոր գործակալ-հեղ.) ներկայացուցչի հետ: Վերջինս ասաց, որ այս պահի դրությամբ բոլոր ուղևորները, որոնք արդեն տոմսեր էին գնել և թռել, տեղեկացված են: Եվ ըստ ներկայացուցչի խոսքի՝ նրանք, ովքեր արդեն գնել էին տոմսերը և մեկնել, հիմա Երևան վերադառնալու կամ Երևանից Ստամբուլ հետ գնալու խնդիր ունեն, պետք է իրենց միջոցներով տեղափոխվեն, հետո դիմեն ավիաընկերությանը՝ փոխհատուցման պահանջով»,-ասաց Փայասլյանը:

Փայասլյանը հորդորել է ընկերության ներկայացուցչին բոլորին իրազեկելու համար այդ տեղեկությունը տարածել օրինակ «Ֆեյբսուք»-ի էջում: Ներկայացուցիչը վստահեցրել է, որ բոլոր ուղևորները տարբեր կապի միջոցներով տեղեկացված են խնդրի մասին և գիտեն, թե ինչ պետք է անեն: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն դեռևս որևէ ուղևորից չի ստացել արձագանք, բողոք, թե խնդրի մասին չի տեղեկացվել: Փալասլյանը հետաքրքրվել է նաև այս պահին իրենց ավիաընկերության միջոցով Ստամբուլ մեկնած հայաստանցիների քանակի մասին, սակայն ներկայացուցիչը տվյալ պահին նման տեղեկություն չի ունեցել։

Ավիաընկերությունն իրավունք ունի Երևանում կատարելու շաբաթական 4 անգամ հաճախականությամբ թռիչք: «Ատլասգլոբալ»-ն իր կայքում տարածել է տեղեկություն, որ իրենք վերակազմավորման նոր փուլում են՝ թռիչքների որակը բարելավելու նպատակով: Արդյունքում՝ նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 21-ը դադարեցնում են բոլոր թռիչքները: Նույն հայտարարությունում նշված է էլեկտրոնային փոստի հասցե, որով հարցերի դեպքում կարելի է կապվել: Իսկ տոմսերի վաճառքը դադարեցվում է մինչև դեկտեմբերի 16-ը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում