Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ծրագիրը շարունակական կլինի

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած 112 ընտանիքի բնակարանային հարցը պետք է կարգավորված լինի մեկ տարվա ընթացքում: ՀՀ կառավարությունը նիստում հաստատել էր Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդրի լուծման ծրագիրը՝ այս փուլով նախատեսելով շուրջ 1 մլրդ 500 մլն դրամ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը նշեց, որ այս փուլում ընդգրկվել են այն ընտանիքները, որոնք կան Կառավարության դեռևս ընդունված 2005 թվականի ծրագրում: Նրանք հաշվառվել են որպես բնակարանի առաջնահերթ կարիքավորներ և ապրում են ժամանակավոր կացարաններում՝ հյուրանոցներում, դպրոցներում, մանկապարտեզներում և այլն:

«Կառավարությունում դրվեց մի գործընթացի սկիզբը, որը շարունակական կլինի: Նման ծրագիր չէր իրականացվել 10 տարի և ավելի: Վերջին անգամ 2005-2008 թվականներին է փախստականների բնակարանների խնդրին անդրադարձ եղել: Սա շատ ուրախալի իրադարձություն է մեզ բոլորիս համար, հատկապես՝ այն անձանց, ովքեր 30 տարի ապրում են բավական վատ պայմաններում»,-ասաց Իրինա Դավթյանը:

«Փախստականի ձայնը» ՀԿ նախագահ Օքսաննա Մուսայելյանի խոսքով, վատ պայմաններ ասելը մեղմ է հնչում: Մարդիկ տարիներ շարունակ ապրում են անմխիթար վիճակում՝ կենցաղային տարրական պայմաններից զուրկ:

«Դա նկարագրելու չի, մարդիկ այս ընթացքում շատ դժվար տարիներ են անցկացրել, ընտանիքի անդամների թիվն է ավելացել, սակայն շարունակել են շատ փոքր տարածքում ապրել: Տարիներ շարունակ բնակարանային խնդիրը չլուծելը հետ է գցել նրանց ինտեգրացիոն գործընթացը: Այս նոր ծրագրով իրավիճակը փոխվում է, հիմա նրանք շատ ուրախ են, նույնիսկ չեն հավատում, որ դա իրականություն է»,-ասաց Օքսաննա Մուսայելյանը:

Կառավարության այս նոր ծրագրով ընտանիքներին տրամադրվելու է բնակարանային գնման վկայագրեր: Նրանցից 70-ին տրամադրվելու է 1-սենյականոց բնակարանի վկայագիր, 28-ին՝ 2, մնացածին 3-սենյականոց բնակարանի վկայագիր: 1-սենյականոց բնակարանի համար տրամադրվելու է 12 մլն դրամ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շահառուների թվում են միայնակ ու տարեց անձինք, և նրանք կարող է դժվարություններ ունենալ այդ գործընթացում, նախատեսվում է աջակցություն: Ծրագրով վկայագրեր են տրամադրվելու Երևանի 5 վարչական շրջաններում բնակվող փախստականներին՝ Ավան, Նորք-Մարաշ, Քանաքեռ Զեյթուն, Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա: Առաջնահերթ լուծում կտրվի այն ընտանիքներին, որոնք ապրում են սեփականատերեր ունեցող հանրակացարաններում: Ընտրվեցին նաև այն վարչական շրջանները, որտեղ փախստականների թիվը փոքր էր, քանի որ կար կոնկրետ գումարի չափ, որի շրջանակում պետք է տեղավորվեին:

«Կառավարության որոշման մեջ պայման է դրված, որ ծրագրում հաշվառված անձինք պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ: Նրանք, ովքեր դեռ չունեն քաղաքացիություն, պետք է ձեռք բերեն: Նման մոտեցումը ինտեգրման բարձրագույն աստիճան է»,-ասաց Իրինա Դավթյանը:

Ինչ վերաբերում է առաջիկա անելիքներին, ապա Իրինա Դավթյանը նշեց, որ կոնկրետ թվեր կդժվարանա ասել, սակայն կա քաղաքական որոշում, որ ծրագիրը շարունակական լինի: Առաջնահերթ բնակարանային կարիք ունեցող ընտանիքների ծրագրում ներառված է 895 ընտանիք, որոնցից 641-ը՝ Երևանում, մնացածը՝ մարզերում: Կառավարության նախաձեռնությամբ Երևանում հաշվառված բնակարանային կարիք ունեցող 641 ընտանիքից, փաստորեն, 112-ն ապահովվում է բնակարանով:

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը