Հասարակական

Գավառի պետական համալսարանում անցկացվեց Հանդուրժողականության դաս ԱՄԷ դեսպանի մասնակցությամբ

2 րոպեի ընթերցում

Գավառի պետական համալսարանում անցկացվեց Հանդուրժողականության դաս ԱՄԷ դեսպանի  մասնակցությամբ

ԳԱՎԱՌ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականը Արաբական Միացյալ Էմիրություններում հռչակվել է որպես Հանդուրժողականության տարի, որի շրջանակներում Գավառի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ ուսանողների հետ հանդիպեցին եւ հանդուրժողականության դաս վարեցին ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան, Նորին Գերազանցություն Մուհամմադ Իսա Ալ Զաաբին, դեսպանության քարտուղար Ահլամ Ռաշիդ Ալ Սալամին։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ողջունելով հյուրերին՝ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը նշեց Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ բարեկամության եւ սերտ համագործակցության մասին, ինչպես նաեւ ներկայացրեց 1995 թվականի նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունված ‹‹Հանդուրժողականության սկզբունքների հռչակագրի» հիմնական դրույթները։

Նա կարեւորեց հանդուրժողականությունը՝ համարելով այն որպես հումանիտար ճգնաժամի հաղթահարման, բազմաբեւեռ եւ բազմամշակույթ աշխարհում մարդկության խաղաղ գոյակցության, առաջընթացի ու զարգացման, հուսալի ապագայի երաշխիք։

Բանախոսները ներկայացրին Արաբական Միացյալ Էմիրությունների ստանձնած առաքելությունը՝ դառնալու հանդուրժողականության համաշխարհային մայրաքաղաք, զարգացնելու երկխոսությունը ժողովուրդների եւ քաղաքակրթությունների միջեւ, նպաստելու խաղաղությանն ու անվտանգությանը։

Դասախոսություն-շնորհանդեսից հետո հյուրերը պատասխանեցին ԳՊՀ ուսանողների եւ դասախոսների հարցերին։

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանը հայտնեց նաեւ, որ դեսպանատունը ԳՊՀ լավագույն ուսանող ճանաչված Կարեն Մաստոյանին որպես խրախուսանք գործուղելու է Միացյալ Էմիրությունների բարձր տեխնոլոգիաների համալսարան։

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում