Քաղցկեղ ունեցող հայ երեխաների երազանքը կհասնի տիեզերք. արտ-ծրագիրը՝ փոքրիկներին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սկաֆանդր» միջազգային գեղարվեստական ծրագրին այս տարի կմիանան նաև քաղցկեղ ու արյան հիվանդություն ունեցող հայաստանցի երեխաները: «City of smile»/«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի շահառու երեխաներն իրենց երազանքները կնկարեն հատուկ կտավների վրա, որոնցից կպատրաստվի տիեզերագնացի կոստյում՝ սկաֆանդր ու տիեզերագնացների հետ կուղարկվի տիեզերք՝ իրականացնելու փոքրիկների երազանքը:

Նոյեմբերի 24-ին Երևանում՝ Արյունաբանական կենտրոնում նախատեսվող այդ իրադարձության մասին «Արմենպրես»-ը խոսել է կազմակերպիչների հետ։

«Այս ծրագիրն արվել է 2016-ից շատ երկրներում: Երեխաները իրենց երազանքները, իրենց մտքերը նկարում են հատուկ կտավների վրա, վերջիններից կարվում է տիեզերագնացի հագուստ, որը տիեզերագնացները տանում են տիեզերք: Ամեն անգամ այդ հագուստը՝ սկաֆանդրը մի անուն է ունենում: Այս անգամ հագուստը ունենալու է «Երազող» անունը: Այն շատ խորհրդանշական ու հուզիչ է: Մենք միշտ ասում ենք՝ եթե մտքերդ ուղարկես տիեզերք, անպայման կիրականանան. այն, ինչ մենք մտքով, խոսքով ուղարկում ենք տիեզերք, անպայման իրականանում է: Եվ կարծում եմ, որ դա ուժ տվող ակցիա կլինի երեխաների համար, նրանք կհավատան, որ իրենց նկարած երազանքը սկաֆանդրի տեսքով տիեզերքում մնալով՝ կիրականանա»,-ասաց «City of smile»/«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը:

«Երազող» անվանումը կրող սկաֆանդրի համար իրենց երազանքներն են նկարել արդեն աշխարհի 6 երկրներում՝ Ռուսաստանում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում և Բելգիայում քաղցկեղ ունեցող երեխաները: Հայաստանը կլինի միացող 7-րդ երկիրը: «Երազող»-ը աշխարհի տարբեր ծայրերի երեխաների երազանքները տիեզերք կտանի 2020-ին: Դեմիրճյանը նկատեց՝ այս ակցիան նաև ինչ-որ առումով համախմբում է այդ հիվանդությունն ունեցող ամբողջ աշխարհի երեխաներին, միասին բոլորի երազանքն ավելի ուժեղ ու հնչեղ է դառնում: Հայաստան կբերվի նաև տիեզերքում եղած նախորդ սկաֆանդրը՝ «Հաղթանակը»: Հայաստան կգան նաև տիեզերագնացներ, երեխաները հնարավորություն կունենան շփվելու նրանց հետ, տալու տիեզերքի, տիեզերագնացության մասին իրենց հետաքրքրող հարցեր:

«Unity » սոցիալական շարժման հիմնադիր Ալյոնա Կուզմենկոն պատմեց, որ նախագիծն ի սկզբանե նախաձեռնվել է ԱՄՆ-ում՝ տիեզերագնաց Նիկոլ Ստոտի և արտ-թերապևտ Յան Սայենի կողմից, իրականացվել է «ՄԴ Անդերսոն» քաղցկեղի բուժման կենտրոնում, հետո լոկալ ծրագրից դարձել է միջազգային: Դրանում իր մեծ ներդրումն է ունեցել նաև Ալյոնան: Ռուսաստանում ծրագիրը կազմակերպում է «Unity » սոցիալական շարժումը՝ «Ռոսկոսմոս»-ի և մի շարք տիեզերագնացների ակտիվ մասնակցությամբ:

«Սկաֆանդր»-ը արտ-թերապիայի ծրագիր է, որի ընթացքում օնկոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաները և մեծահասակները նկարում են իրենց երազանքները սկաֆանդրի վրա, որն ուղարկում ենք տիեզերք: Նախագծին միացել է «Ռոսկոսմոս»-ը, և ռուսական ու ամերիկյան թիմերը միասին արդեն իրագործել են «Հաղթանակ» սկաֆանդրը և 2017-ին ուղարկել տիեզերք: Այն տիեզերքում մնացել է 138 օր: Դրան մասնակցություն են ունեցել 180 երեխաներ՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի 10 կլինիկաներից: Այդ սկաֆանդրը հիմա շատ ցուցադրություններում է ցուցադրվում։ Դա մի հիվանդանոցից մյուսն է տարվում տարբեր երկրներում՝ ոգեշնչելու երեխաներին, նրանց ծնողներին»,- ասաց նա:

Նախագծի իրագործման սկզբից մինչև այսօր տիեզերք է ուղարկվել արդեն 3 սկաֆանդր։ Տիեզերք բարձրացած ու ետ վերադարձած «Հաղթանակ»-ը ներկայում օգտագործում են Ռուսաստանում «Բարության դաս» խորագրով ակցիայի համար: Այն ներկայացրել են դպրոցներից մեկի թանգարանում, երեխաները մոտենում են դրան ու մտքում բարի երազանք պահում: «Բարության դաս»-ի շրջանակում «Unity » սոցիալական շարժման թիմը դպրոցներում երեխաներին սովորեցնում է կամավոր, բարի աշխատանք անելու արվեստը: Արդյունքում դպրոցականներն իրենց ձեռքերով փոքրիկ հուշանվերներ են պատրաստում քաղցկեղ ունեցող երեխաների համար, որոնք շարժման մասնակիցները հասցնում են որևէ երկրի օնկոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաների: Սոցիալական շարժման թիմը, ի դեպ, նման հուշանվերներ է բերել նաև հայ երեխաների համար:

Ալյոնան պատմեց, որ Հայաստան գալով տեղեկացել է «City of smile»/«Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործունեության մասին, և որոշել են հիմնադրամի հետ համատեղ ծրագրում ներգրավել նաև հայ փոքրիկներին:

Աննա Գրիգորյան

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում