Հասարակական

Գիտնականները նոր աշխատությամբ խոսել են Հայոց ցեղասպանության կորուստների և հետևանքների մասին

2 րոպեի ընթերցում

Գիտնականները նոր աշխատությամբ խոսել են Հայոց ցեղասպանության կորուստների և հետևանքների մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կորուստների և հատուցման կառուցակարգերի մեթոդաբանական հիմքերը» կոլեկտիվ մենագրությամբ մի խումբ գիտնականներ փորձել են ուրվագծել, հստակեցնել այն նյութական և հոգևոր վնասը, որը հայերը կրել են Հայոց ցեղասպանության հետևանքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի 19-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում:

«Այս աշխատությունում առանձնացրել ենք հայ ժողովրդին հասցված կորուստների և դրանցից բխող հետևանքների հինգ հիմնական խումբ:

Առաջինը հայրենազրկումն է, երկրորդը մարդկային կորուստներն են և մեր հայրենիքում ժողովրդագրական պատկերի իսպառ փոփոխությունը զանգվածային կոտորածների ճանապարհով, երրորդը մշակութային ժառանգության ոչնչացումն ու յուրացումն է թուրքական իշխանությունների կողմից, չորրորդը նյութական վնասներն են և դրանցից բխող հետևանքները, իսկ հինգերորդն այն հոգեբանական բարդույթներն են, որոնք առաջացել են այդ ոճրի իրականացումից հետո»,-նշեց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը:

Նա շեշտեց, որ մասնագետներից յուրաքանչյուրը մատնանշել է նախ հասցված վնասները, կորուստները և որոշակի կառուցակարգեր, մեխանիզմներ, թե ինչի հիման վրա և ինչ մեխանիզմներով ենք մենք պատկերացնում հայ ժողովրդին հասցված հսկայական վնասների հատուցման գործընթացը:

«Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կորուստների և հատուցման կառուցակարգերի մեթոդաբանական հիմքերը» կոլեկտիվ մենագրության համար հիմք են հանդիսացել 2016-2018 թվականներին ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի իրականացրած Մեծ եղեռնի հետևանքների հաղթահարման հիմնախնդիրներին նվիրված աշխատանքները:

Գաղափարը ծնվել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ընդունված Համահայկական հռչակագրի հրապարակումից հետո: Ըստ հռչակագրի` հայ ժողովուրդը պայքարելու է ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, այլև այդ հանցագործության հետևանքների հաղթահարման համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում