1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում հոկտեմբերի 30-ին տեղի կունենա աշխատանքի տոնավաճառ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ նախնական տվյալներով, կմասնակցի Արմավիր և Վաղարշապատ քաղաքների տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող 35 գործատու, որոնց կողմից կներկայացվի շուրջ 230 թափուր աշխատատեղ:
Ինչպես աշխատանք փնտրողները, այնպես էլ գործատուները հնարավորություն կունենան ծանոթանալու Արմավիրի մարզի, մասնավորապես Արմավիր և Վաղարշապատ քաղաքների աշխատաշուկայի իրավիճակին, զբաղվածության աջակցության պետական ծրագրերին, որոնք ևս ապահովում են աշխատանք և աշխատող գտնելու հնարավորություններ:
Տոնավաճառն անցկացվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության կողմից: