Ծովասար գյուղում մեկնարկել է մանկապարտեզի շենքի շինարարությունը
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղում տրվել է մանկապարտեզի շենքի շինարարության մեկնարկը , որի ավարտը նախատեսված է 2020 թվականի վերջերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, շինարարությունն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:
Շինարարության պայմանագրային արժեքը կազմել է 203 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Ծովասարի համայնքապետարանը:
Նորակառույց մանկապարտեզն ունենալու է 100 տեղ՝ 4 խմբով: «Ծովասարն իր պատմության մեջ առաջին անգամ կունենա գործող մանկապարտեզ: Մեր գյուղում տարեկան 40-50 երեխա է ծնվում, նախադպրոցական տարիքի երեխաների թիվը մեծ է: Միջնակարգ դպրոցում գործող նախակրթարան այժմ հաճախում են 40 երեխա:Այլ խոսքով, մանկապարտեզի կառուցումը Ծովասարում չափազանց պահանջված էր: Համայնքի 35 տոկոս ներդրման մեջ իր բաժինն ունի նաեւ գործարար Զարզանդ Մուրադյանը:Ամենայն հավանականությամբ, մանկապարտեզը գործել կսկսի 2021 թվականից, ինչը եղել է ծովասարցիների տասնամյակների երազանքը: Համայնքի բնակիչների անունից մեր երախտագիտությունն ենք հայտնում ՀՀ կառավարությանը, Գեղարքունիքի մարզպետարանին ու բարերար Զարզանդ Մուրադյանին՝ համայնքի համար այս հույժ կարեւոր ձեռնարկն իրականացնելու համար»,-նշեց Ծովասար համայնքի ղեկավար Արտաշես Մխիթարյանը:
Խոսրով Խլղաթյան