Մշակույթ

Արա Խզմալյանը մշակույթի ոլորտում օրենսդրական բարեփոխումների խնդիր է տեսնում

2 րոպեի ընթերցում

 Արա Խզմալյանը մշակույթի ոլորտում օրենսդրական բարեփոխումների խնդիր է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը մշակութային քաղաքականության զարգացման համար կառուցվածքային և համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում: Նրա համոզմամբ`օրենսդրական բարեփոխումներ են պետք` կապված Աշխատանքային օրենսգրքի, «ՊՈԱԿ-ների մասին» օրենքի հետ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Խզմալյանն ասաց հոկտեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում:

«Մենք նաև հաստիքային աշխատողների խնդիր ունենք. օրենքի պահանջից ելնելով` տարիներ շարունակ տարբեր մշակութային կառույցները ծանրաբեռում ենք անարդյունավետ ռեսուրսով և մեր ՊՈԱԿ-ների տնօրեններից պահանջում ենք բարձր արդյունք. ինչպե՞ս. մի կողմից սոցիալական խնդիր կա, իսկ մյուս կողմից` մասնագիտական»,-ասաց նա:

Նախարարի տեղակալը նշեց, որ ժամանակն է հասկանալ մենք գնում ենք ոլորտի մասնագիտացմանն ընդառաջ, ՊՈԱԿ-ների տնօրեններին աջակցելուն ու նրանց հանդեպ պահանջները բարձրացնելուն, թե շարունակում ենք իներցիոն ձևով պետական ռեսուրսը փոշիացնել:

Խզմալյանը խոսեց նաև կադրային խնդրի մասին` ընդգծելով, որ ցանկանում են բարեփոխումներ անել, ցանկանում են, որ սերնդափոխություն լինի, բայց պարզվում է, որ այնքան էլ հարուստ չենք լավ կադրերով: «Կա գեղարվեստական ղեկավարների, դիրիժորների ինստիտուտների ճգնաժամ: Լավ դիրիժորները հաճախ են շրջագայում, նրանք չեն կարող անընդհատ մնալ մի կառույցում: Նրանց փոխարինելու խնդիր է առաջանում»,-ընդգծեց փոխնախարարը:

Արա Խզմալյանը տեղեկացրեց, որ վերոնշյալ և մի շարք այլ հարցերի վերաբերյալ ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումներ են իրականացվում, հստակ ձևակերպվում են խնդիրները, որպեսզի առաջարկվեն դրանց լուծումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում