Տնտեսություն

Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է բելառուսական ՄԱԶ գործարանի պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է բելառուսական ՄԱԶ գործարանի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է բելառուսական Մինսկի ավտոմոբիլային գործարանի (ՄԱԶ) փոխտնօրեն Սերգեյ Շուլյակի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Պապիկյանը ողջունել է հյուրին և բարձր գնահատել գործարանի ղեկավարության օպերատիվ արձագանքը և հետևողական մոտեցումն իր՝ Մինսկ կատարած աշխատանքային այցի շրջանակներում երկկողմ պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ուղևորատար փոխադրամիջոցների մատակարարման ուղղությամբ համագործակցության հեռանկարները։ Կողմերն անդրադարձել են ՀՀ համայնքները գյուղատնտեսական և բեռնատար տեխնիկայով ապահովելու գործում ՄԱԶ գործարանի հնարավոր ներգրավվածության ընդլայնման, ինչպես նաև վերջինիս արտադրանքը Հայաստանի տարածքով դեպի Մերձավոր Արևելքի երկրներ արտահանման հնարավորություններին։

Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ-ում մեքենասարքավորումների հավաքման գործարանային արտադրություն հիմնելու հնարավորությունների շուրջ։

Հանդիպման ավարտին երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կքննարկի տրանսպորտային համակարգի արդիականացման նպատակով հանրապետության համայնքների պայմաններին համապատասխան տրանսպորտային միջոցների ներգրավման հնարավորությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում