Ոչխարի ներկրման համար սուբսիդավորվող վարկեր, գումարի հետվերադարձ. պետությունն աջակցում է ֆերմերներին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոչխար ներմուծող ֆերմերները կստանան վարկի տոկոսի սուբսիդավորման կամ գումարի մասնակի վերադարձի հնարավորություն: Պետությունը նպատակադրվել է զարգացնել արտահանման մեծ պոտենցիալ ունեցող գյուղատնտեսության այս ոլորտը, ծրագրով նախատեսվում է Հայաստան ներկրել 30 հազար տոհմային ոչխար` բարելավելով որակական չափանիշներն ու իջեցնելով կաթի ու մսի գինը: «Արմենպրես»-ը կառավարության կողմից ընդունված 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրի մասին խոսել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի հետ։

«Նախատեսվում է տոհմային կենդանիների ներկրման նպատակով տրվող վարկերի մասնակի սուբսիդավորում: 12 տոկոսի դեպքում 10 տոկոսը կսուբսիդավորի պետությունը, այսինքն` ֆերմերը կվճարի ընդամենը 2 տոկոսը: Ծրագրում առաջարկել ենք նաև երկրորդ մեխանիզմ, որի համաձայն ֆերմերը, որն իր սեփական գումարով կներմուծի ոչխար, պետության կողմից կստանա 23 տոկոսի չափով հետվերադարձ: Սպառողական կոոպերատիվների և սահմանամերձ գյուղերի բնակիչների համար վարկը կտրամադրվի 0 տոկոս տոկոսադրույքով, իսկ գումարի հետվերադարձը կլինի 27 տոկոսի չափով»,-ասաց Գաբրիելյանն ու հույս հայտնեց, որ ծրագրով կստեղծվեն տոհմային տնտեսություններ, և հետագայում այլևս ներկրման կարիք չի լինի:

Պետությունը նաև Համաշխարհային բանկի հետ ունի նախնական պայմանավորվածություն` հանրապետությունում 2 տոհմաբուծական տնտեսություններ ստեղծելու համար: Դրանցից մեկը կստեղծվի Ագրարային համալսարանի բազայի հիմա վրա, մյուսը` Գյումրիի սելեկցիոն կայանի:

Կառավարության կողմից հաստատված ծրագրի իրականացման արդյունքում կավելանան ոչխարի, այծի գլխաքանակները, դրանց արտադրանքի ծավալները: «Ծրագրով նախատեսվում է ներկրել մոտ 30 հազար տոհմային ոչխար: Եթե այդքան ներկրենք, ապա կարտադրվի շուրջ 3.5 մլրդ դրամ արժեքով միս, 0.5 մլրդ դրամ արժեքով կաթ:Կբարձրանա ոչխարաբուծության, այծաբուծության ճյուղի շահութաբերության մակարդակը, քանի որ գենետիկ բարձր արժեքով կենդանիներ են բուծվում, և պայմաններ կստեղծվեն արտահանման ծավալների ավելացման համար»,-նկատեց փոխնախարարը:

Ֆերմերներն իրենք կարող են ընտրել աջակցության ծրագրի որ տարբերակից օգտվել` սուբսիդավորվող վարկի, թե գումարի հետվերդարձի: Սահմանափակում չկա, թե նրանք որ երկրից կներմուծեն կենդանիները, միայն թե ներմուծողը պետք է ներկայացնի տոհմային քարտեր, վկայություն` կենդանու տոհմայնության վերաբերյալ: Փոխնախարարի կարծիքով` ֆերմերները կներմուծեն եվրոպական երկրներից` հիմնականում Գերմանիայից, Ռուսաստանից:

Պետությունը որոշել է գյուղատնտեսության հենց այս ճյուղի համար աջակցության ծրագիր մշակել, քանի որ արտահանման պոտենցիալը մեծ է, ոչխարի մսի արտահանման ցուցանիշներն այս տարի բավականին աճել են: Այս տարվա սեպտեմբերի 13-ի դրությամբ արտահանվել է 21.4 հազար գլուխ ոչխար` նախորդ տարվա նույն ժամանակի 11.3 հազարի համեմատ: «Հետաքրքիրն այն է, որ արտահանվել է հենց կենդանի ոչխար: Անցալ տարի մեծ մասամբ արտահանվել էր ոչխարի միս: Անցյալ տարի ավելի շատ ոչխար է ներմուծվել, քան այս տարի, փոխարենն ավելացել է արտահանումը: Սա նշանակում է, որ ոչխարաբուծությանը մարդիկ վերաբերում են որպես հետաքրքիր բիզնեսի»,-ասաց Գաբրիելյանն ու հավելեց` արաբական երկրներում մեր ոչխարի մսի նկատմամբ բավականին մեծ պահանջարկ կա:

Փոխնախարարը նշեց նաև` խորհրդային միության անկումից հետո տոհմային անասնաբուծության համար աշխատանքներ շատ քիչ են իրականացվել, և մեր տեղական կենդանիների տոհմային հատկանիշները բավականին իջել են: Այսպիսով` ծրագրի իրականացման արդյունքում նաև ունեն տեղական ոչխարի որակական հատկանիշները բարելավելու խնդիր:

Ոչխարաբուծությունը ոչ ճիշտ վարման դեպքում կարող է արոտների դեգրադացիայի պատճառ դառնալ: Փոխնախարարը վստահեցրեց` ծրագրի իրականացմամբ ոչխարների գլխաքանակի ավելացման արդյունքում բնապահպանական խնդրի չեն բախվի: «Մենք ունենք տվյալներ, որ Խորհրդային միության ժամանակ մոտ 1 մլն 200 հազար ոչխար է պահվել: Այսինքն` մեր արոտները կարող են ծանրաբեռված լինել այդքան քանակի ոչխարով: Հիմա հանրապետությունում ունենք ընդամենը 680 հազար ոչխար, այս ծրագրով նախատեսվում է ներկրել մոտ 30 հազար տոհմային ոչխար»,-նշեց նա:

«Ծրագրից հիմնական ակնկալիքն էբարելավել մեր նախիրները տոհմային կենդանիներով, որի արդյունքում մեկ միավոր կենդանուց կունենանք ավելի շատ կաթ, միս: Հետևաբար` կիջնի նաև կաթի և մսի ինքնարժեքը, և դրանով իսկ ավելի մրցունակ կլինենք արտահանման համար»,-եզրափակեց Գաբրիելյանը:

Աննա Գրիգորյան

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում