Հասարակական

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց եւ շնորհավորեց համայնքների նորընտիր ղեկավարներին

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց եւ շնորհավորեց համայնքների նորընտիր ղեկավարներին

ԳԱՎԱՌ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց եւ շնորհավորեց Գեղարքունիք, Լճափ եւ Վանեւան համայնքների նորընտիր ղեկավարներ Արայիկ Աբրահամյանին, Արսեն Հովսեփյանին եւ Իգոր Հարությունյանին, ովքեր հաղթող էին ճանաչվել այս տարվա սեպտեմբերի 29-ին կայացած ընտրություններում:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ մարզպետը համայնքների ղեկավարներին մաղթեց արգասաբեր աշխատանք, նոր հաջողություններ ու ձեռքբերումներ: «Շնորհավորում եմ ձեզ բարդ, պատասխանատու եւ պատվաբեր պաշտոններում ընտրվելու համար: Կարծում եմ, որ երեք բառերն էլ հստակ հուշում են, թե ինչ աշխատանք է ձեզ սպասում: Անշուշտ, ձեզ կգնահատեն լավ աշխատանքի դեպքում այնպես, ինչպես այսօր մարդիկ գնահատում են դեռեւս խորհրդային տարիներին իրենց լավագույն կողմերով դրսեւորած ղեկավարներին: Դուք նաեւ շատ նպաստավոր ժամանակահատվածում եք ընտրվել, երբ ձեր համայնքի շահերին հակառակ որեւէ անօրինական պահանջ ձեր առջեւ չի դրվելու: Ձեզ մնում է համագործակցված աշխատել մարզպետարանի հետ, ամեն ինչ անել միայն օրենքի շրջանակներում: Ձեզ մոտ բացառեք հետընտրական շրջան հասկացությունը եւ ձգտեք համայնքները պահել խաղաղության ու միասնության մթնոլորտում: Առանձնակի ուշադրություն դարձրեք սեփական եկամուտների հավաքագրումներին, որպեսզի դրանք ուղղեք սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների կարգավորումներին, որոնք ձեզ մոտ ավելի շատ են կուտակված: Սուբվենցիոն ծրագրերին մասնակցելու համար աշխատեք ներգրավել տեղի գործարարներին կամ բարերարներին:Հիմա վեր հանեք առաջնահերթ խնդիրները, որպեսզի ձմռան ընթացքում մենք համատեղ կարողանանք նախապատրաստել բոլոր փաստաթղթերը եւ ամռանը սկսենք շինարարական աշխատանքները: Ինչպես ասում են՝ ի գործ »,-ասաց մարզպետը:

Համայնքների նորընտիր ղեկավարները հույս հայտնեցին, որ մարզպետարանի հետ կաշխատեն արդյունավետ ու երկար եւ լավ հետագիծ կթողնեն իրենց գործունեության ընթացքում:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում