ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանին միաձայն ընդունեց Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու որոշում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 8-ին Երևանի ավագանու նիստի ընթացքում որոշմանը միաձայն կողմ քվեարկեց ավագանու 45 անդամ:
Որոշման նախագիծը ավագանու անդամներին ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանը:
«Էրեբունի -Երևան-2801 տարեդարձի առթիվ թատերարվեստի և հայկական կինեմատոգրաֆիայի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ակնառու վաստակի, երկարամյա և բեղմնավոր գործունեության համար Երևանի քաղաքապետի առաջարկությամբ ձեր քննարկմանն է ներկայացվում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Քրիստափորի Մանարյանին Երևանի պատվավոր քաղաքացի կոչում շնորհելու մասին ավագանու որոշման նախագիծը: Որոշման նախագիծը տրամադրվել է ավագանու բոլոր խմբակցություններին, ավագանու անդամներին և մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով, որտեղից ստացվել է դրական եզրակացություն»,- ներկայացրեց Վարդանյանը:
Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Մկրտչյանն ընդգծեց, որ հանձնաժողովում հարցը քննարկել են և մեծ սիրով ու խորը հարգանքով տվել են դրական եզրակացություն: