Արևիկում շահագործման հանձնվեց նորակառույց մանկապարտեզը
1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Արևիկ բնակավայրում սեպտեմբերի 30-ին շահագործման հանձնվեց նորակառույց մանկապարտեզը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնից, մանկապարտեզի կառուցման համար ուղղվել է 156 մլն դրամ։ Միջոցները հատկացվել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից, համայնքը հատկացրել է 4 մլն, 11 մլն դրամն էլ տրամադրել է Հայ բարեգործական ընդհանուր միությունը: Մանկապարտեզը նախատեսված է մոտ 60 երեխայի համար՝ երկու խմբասենյակով: Այժմ հաճախում է 50 երեխա։
Միջոցառմանը մասնակցեցին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, մարզային իշխանության և տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ, հյուրեր։ «Մեր երկրի յուրաքանչյուր համայնք պետք է ունենա բարեկարգ դպրոց, բարեկարգ մանկապարտեզ ու ճանապարհ։ Արևիկի մանկապարտեզի շինարարությունը պետության, համայնքի ու բարերարների համագործակցության հիանալի օրինակ է։ Ուրախ եմ, որ այսպիսի հրաշալի հնարավորություններով մանկապարտեզ ունի Արևիկը, որտեղ սովորելու են այս լուսավոր բալիկները։ Նրանք են մեր վաղվա օրվա տերերն ու մեր երկրի ապագան»,- իր խոսքում նշեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
Արմենուհի Մխոյան