Հասարակական

«Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ 100 զինհաշմանդամ ստացել է վերականգնողական բուժում

2 րոպեի ընթերցում

«Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ 100 զինհաշմանդամ ստացել է վերականգնողական բուժում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» հիմնադրամի տրամադրած ֆինանսական միջոցներով «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» զինծառայության ընթացքում վիրավորում ստացած, հաշմանդամություն ունեցող 100 անձ ստացել է վերականգնողական բուժում: Ընթացքի մեջ է լոգոպեդի, հոգեբանի նոր սենյակների և կինեզոթերապիայի նոր դահլիճի բացումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց հիմնադրամի Սոցիալական և առողջապահական ծրագրերի համակարգող Գայանե Ղազարյանը:

«Առողջապահության ոլորտում մեր հիմնական ծրագիրը զինվորական ծառայության արդյունքում վիրավորում ստացած և հաշմանդամություն ունեցող զինվորների վերականգնումն է: Դա արվում է «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնը ֆինանսավորելով: Կենտրոնում տղաներին տալիս են ոչ միայն վերականգնողական բուժում, այլ նաև աշխատում են նրանց սոցիալական ադապտացիայի, ինտեգրացիայի վրա` իրականացվում է նաև նոր հմտությունների զարգացում: Սա մեզ համար շատ կարևոր մոտեցում է: Մեր տրամադրած ֆինանսավորմամբ կենտրոնում արդեն 100 զինվոր ստացել է վերականգնողական բուժում` ներառյալ ատամնաբուժությունը և դեղորայքը»,-ասաց Ղազարյանը:

Նա նշեց` նույնիսկ արտասահմանյան վերականգնողական շատ կենտրոններում ատամնաբուժությունը չի մտնում ծառայությունների մեջ: Կենտրոնում արդեն բացվել է 8 նոր սենյակ, գնվել են նոր բժշկական սարքավորումներ, անձնակազմը ամբողջությամբ վերապատրաստվել է: Կենտրոնում բացվել է նաև ինտենսիվ թերապիայի բաժանմունք, ամրացվել է մասնաշենքի միջնամասը:

«Նախատեսվում է, արդեն ընթացքի մեջ է լոգոպեդի նոր սենյակի, հոգեբանի նոր սենյակի և կինեզոթերապիայի նոր դահլիճի բացումը: Այս ամենի համար վերականգնողական կենտրոնին արդեն հատկացվել է 155 մլն դրամ»,-նշեց Ղազարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում