Ինչ կարելի է ակնկալել Մնացականյան-Մամեդյարով սպասվող հանդիպումից

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կհանդիպեն սեպտեմբերի 23-ին՝ Նյու Յորքում: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանների ընթացքում երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումները, կարծես, դառնում են օրինաչափ. նախորդ մի քանի տարիներին ևս տեղի են ունեցել նման հանդիպումներ: Հատկանշական է, որ այս տարվա ընթացքում սա համանախագահների միջնորդությամբ երկու երկրների ԱԳ նախարարների արդեն չորրորդ հանդիպումն է: Մինչ այս կողմերը հանդիպումներ են ունեցել 3 համանախագահ երկրների մայրաքաղաքներում. հունվարին՝ Փարիզում, մարտին՝ Մոսկվայում և հունիսին՝ Վաշինգտոնում: Ինչպես նախորդ հանդիպումների պարագայում, սպասվող հանդիպումից ևս նշանակալի արդյունքներ կամ ճեղքում բանակցային գործընթացում չարժե ակնկալել, քանզի դրա համար պարզապես չկան բավարար հիմքեր:

Չենք կարող բացառել, որ հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվի հիմնախնդրի քաղաքական կարգավորման սկզբունքներին և տարրերին, սակայն այս հարցում բանակցելու իրավասությունը երկու երկրների ղեկավարներինն է: Ավելին, քաղաքական բանակցությունների համար անհրաժեշտ է կողմերի միջև փոխվստահություն, ինչի մասին այսօր հնարավոր չէ խոսել:

Ուստի, Նյու-Յորքում արտգործնախարարների քննարկման հիմնական առարկան թերևս կարող է լինել բանակցությունների համար անհրաժեշտ միջավայրի ձևավորման և ամրապնդման խնդիրը: Այս առումով մի կողմից կարևոր է քննարկել դեռ նախորդ հանդիպումների (այդ թվում՝ Փաշինյան-Ալիև մակարդակով) ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, մյուս կողմից՝ հնարավոր նոր (հատկապես՝ մարդասիրական) նախաձեռնությունների հարցը:

Բավական կարևոր է, որ հանդիպման ընթացքում քննարկման առարկա դառնա վերջին ամիսներին սահմանային լարվածության պարբերական աճը: Ամռան ընթացքում արձանագրված հրադադարի խախտման դեպքերը, զոհերը ևս մեկ անգամ վկայում են, որ բանակցությունների համար անհրաժեշտ խաղաղ միջավայրի ձևավորումն ունի առաջնահերթ կարևորություն, քանզի առկա են իրավիճակի էսկալացիայի իրատեսական ռիսկեր: Այդ ռիսկերի նվազեցման հարցում բավական օգտակար կարող էր լինել ամիսներ առաջ ՀՀ ԱԳ նախարարի կողմից առաջարկված «Դուշանբե պլյուս»-ի գաղափարը, որը կլինի ոչ միայն Դուշանբեի պայմանավորվածությունների ինստիտուցիոնալիզացիան, այլ նաև կներառի այնպիսի բովանդակային գործիքներ, ինչպիսիք են հետաքննության մեխանիզմը և մոնիթորինգի կարողությունների ուժեղացումը:

Ցանկալի է նաև, որ հայկական կողմը համանախագահների ուշադրությունը հրավիրի նաև Բաքվի կողմից շարունակվող ռազմատենչ հռետորաբանության վրա, ինչը բացասական է անդրադառնում բանակցային մթնոլորտի վրա և հակասում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման հանձնառությանը:

Ամփոփելով՝ նշենք, որ բավական կարևոր է նաև այն հանգամանքը, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպում են ունեցել և հստակեցրել են միմյանց դիրքորոշումներն արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի և օրակարգային հարցերի շուրջ: Թեև նման խորհրդակցությունները հնարավորություն են տալիս թեկուզև միջնորդավորված տեղ հասցնել արցախյան կողմի դիրքորոշումները, այնուամենայնիվ միանշանակ է, որ բանակցային գործընթացում իրական առաջընթացի համար Արցախը պետք է ունենա որոշիչ ձայն և լիարժեք ներգրավվածություն:

Նարեկ Մինասյան

Հայերեն

Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը