Քաղաքականություն

ԱԳ նախարարն ընդունել է Կատարինա Մատերնովի գլխավորած պատվիրակությանը

3 րոպեի ընթերցում

ԱԳ նախարարն ընդունել է Կատարինա Մատերնովի գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Եվրամիության հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և գործընկերության համապարփակ շրջանակը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանն արժևորում է ԵՄ կողմից երկրի զարգացման օրակարգի խթանմանը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանն ուղղված շարունակական և հետևողական աջակցությունը։

Երկուստեք ընդգծվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը՝ որպես ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ ՀՀ հարաբերությունների զարգացման կարևորագույն խթան: Կողմերը մտքեր փոխանակեցին համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։

ԱԳ նախարար Մնացականյանը և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Մատերնովը հանգամանալից անդրադարձ են կատարել կառավարության կողմից ձեռնարկված բարեփոխումների օրակարգին, Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ ՀՀ տեսակետներին: Որպես կառավարության գերակա նպատակ՝ նախարարն առանձնացրել է դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ նշելով, որ Հայաստանը բարձր է գնահատում այս ոլորտում միջազգային գործընկերների կողմից ցուցաբերվող փորձագիտական աջակցությունը և վերջինիս արդյունավետ համակարգումը:

Արևելյան գործընկերության նախաձեռնության 10-ամյակի առնչությամբ զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Արևելյան գործընկերությունն ընդհանուր արժեքների և սկզբունքների վրա հիմնված լավ հարթակ է Եվրոպական Միության և արևելյան վեց գործընկեր երկրների միջև փոխգործակցության զարգացման և ընդլայնման առումով: Այդ համատքեստում կողմերը մտքեր են փոխանակել նաև նախաձեռնության զարգացման տեսլականի շուրջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում