Եռակողմ անհամաձայնություններ. Շահան Գանտահարյանի հոդվածը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայում կայացած Թուրքիա-Ռուսաստանի Դաշնություն-Իրան միջնախագահական ձեւաչափով եռակողմ հանդիպման պաշտոնական հայտարարությունը ոչ միայն հակիրճ է, այլ նույնիսկ անբովանդակ: Նման ամփոփ եւ որեւէ հիմնական շեշտադրում չպարփակող հայտարարությունը կա՛մ ցանկանում է թաքցնել հիմնական բաժինը եւ ուշադրություն ցրել, եւ կամ ընդհանուր հայտարարների չգալու դեպքում շրջանցում է տարակարծությունների գոյության փաստը:

Թվում է, որ Անկարայի եռակողմ հանդիպումը երկրորդ հավանականության դեպքն է։

Հետեւենք հանդիպումից հետո հրապարակված հայտարարություններին։

Էրդողան. «Անցնող երկու տարվա ընթացքում մեծ ջանքեր են գործադրվել Սիրիայում անվտանգության ու կայունության հաստատման համար, եւ դեռեւս ճիգը շարունակվում է տագնապի արմատական լուծումը գտնելու եւ Սիրիայի հողային ամբողջականությունը պահպանելու համար:

Մեր ժողովի ընթացքում կենտրոնացանք Իդլիբի եւ Եփրատի արեւելյան ափի տագնապի վրա, ինչպես նաեւ փախստականների արմատական լուծման որոնման վրա:

«Արեւելյան Եփրատ» եւ «Ձիթենու ճյուղ» գործողությունների նպատակը ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարն է»:

Ռոհանի. «Անհրաժեշտ է հարգել Սիրիայի գերիշխանությունը եւ կարեւորել նրա ներքին հարցերին չմիջամտելու սկզբունքը: Իրանը միշտ էլ աջակցել է սիրիական կառավարության ու ժողովրդի բոլոր բաղադրիչ մասերի միջեւ երկխոսությանը: Սիրիական հողերի վրա ամերիկյան ներկայությունը նրա գերիշխանությանը սպառնալիք է:

Իրան ցավ է հայտնել, որ հնարավոր չի եղել Իդլիբի համաձայնությունը ամբողջությամբ իրականացնել, ինչը ընդլայնել է այն տարածքները, որոնք գտնվում են ահաբեկչական խմբավորումների վերահսկողության տակ»:

Պուտին. «Իդլիբը մտահոգության մեծագույն աղբյուր է:

Սիրիայում լարվածության մեղմացման գոտին չի կարող սադրանքների շղթայազերծման կետ լինել:

Սիրիան չպետք է ազդեցության գոտիների բաժանել»:

Քաղաքական ամենապարզ ընթերցումն իսկ համոզում է, որ զուգահեռացվող շատ գծեր կան Թեհրանի եւ Մոսկվայի ղեկավարների կատարած հայտարարությունների միջեւ. երկուսի կողմից նաեւ սլաքներ են ուղղվել Անկարային։

Անկարան խոսում է Իդլիբին առընթեր Եփրատի արեւելյան ափի մասին, մինչ Թեհրանն ու Մոսկվան շեշտը դնում են Իդլիբի մաքրազտման անհրաժեշտության վրա:

Տարըմբռնումներ կան նաեւ ահաբեկչական խմբավորումներ հասկացության առումով: Անկարայի համար իրականացած գործողությունների օրինակների մեջբերումով պարզ է դառնում, որ քրդական գործոնն է, որն ահաբեկչական է որակվում, մինչ Իդլիբի մաքրազտման անհրաժեշտությունը, որն արծարծում են Մոսկվան եւ Թեհրանը, վերաբերում է իսլամական ծայրահեղականներին։

Իրանը իր օրակարգի առաջ մղումով եթե քննադատում է ամերիկյան զորքերի տեղակայումը սիրիական տարածքների վրա, ապա Մոսկվան հստակորեն ընդգծում է, որ մեծագույն հիմնախնդիրը Իդլիբի մաքրազտումն է: Արեւելյան Եփրատը ոչ միայն շրջանցվել է, այլ ուղղակիորեն հանդիսացել է Մոսկվա-Անկարա տարակարծության առանցք:

Երբ ՌԴ-ի նախագահը հայտարարում է, որ Սիրիան չպետք է ազդեցության գոտիների բաժանել, պարզ տեսքով ուզում է ասել, որ համաձայն չէ Անկարայի առաջադրած անվտանգության գոտու ստեղծմանը։

Եռակողմ հանդիպման վայրը`Անկարան, որեւէ առավելություն չի ապահովել Թուրքիային` սիրիական տարածքների վրա զինվորական տեղաշարժեր ապահովելու առումով։

Ռազմավարական առանցքի երկրների ղեկավարները ինքնուրույն մեկնաբանում են օրակարգերը, բնականաբար մեկնելով յուրաքանչյուրը իր առաջադրանքից։ Հստակորեն կան տարընկալումներ, շահերի տարբերություններ եւ մանավանդ նոր գոտիներ ստեղծելու ծրագրերի երկկողմ արգելակումներ։

Շահան Գանտահարյան

Հայերեն

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-11/02/25

Ասիական ինդեքսներ - 11/02/25

ՀՀ վարչապետը Փարիզում մասնակցել է Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի լիագումար նիստին

ԵՄ-ն պատրաստում է իր արձագանքը պողպատի և ալյումինի ներմուծման նկատմամբ ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանմանը

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն այցելել է ուսումնական հաստատություններ

Քաղաքացիների վճարած հավելյալ 50 դրամը ծառայում է Երևանի տրանսպորտի շարունակական զարգացմանը․ Ավինյանը՝ տրանսպորտի սակագնի մասին

Երևանի ավագանին չընդունեց հանրային տրանսպորտի մեկ ուղևորության սակագինը 100 դրամ սահմանելու «Ազգային առաջընթաց» խմբակցության նախագիծը

Ձեր ստով մարդկանց գլուխը լցնում եք, թե տոմսը դառնում է 300 դրամ. քաղաքապետը` ընդդիմությանը

ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագծի ընդունումը ինքնին կառույցին անդամակցելու հայտ չի հանդիսանում. Պարույր Հովհաննիսյան

Իսպանիայում կալանվել է առագաստանավ, որի վրա եղել է 600 կգ թմրանյութ