Տասնյակ տարիներ չվերանորոգված ճանապարհները նոր շունչ են ստանում. փոխնախարարի հարցազրույցը

10 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ընթացիկ տարում նորոգված ու հիմնանորոգված կլինի 330 կմ ճանապարհ: Հիմնանորոգվում են ճանապարհներ, որտեղ 30 տարուց ավելի աշխատանքներ չեն կատարվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում աշխատանքների վերաբերյալ մանրամասներ է ներկայացնում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը:

-Պարոն Բադալյան, վերջին տվյալներով ընթացիկ տարվա ծրագրերով ճանապարհահատվածների 62.7 կիլոմետրի շինարարությունն ավարտված է, 307 կիլոմետրինն ընթացքի մեջ է: Ի՞նչ ուղղություններով են աշխատանքներն իրականացվում, ո՞ր մարզերն են ընդգրկված:

-Ճանապարհաշինարարական աշխատանքներն ընթանում են բոլոր մարզերում, գրեթե բոլոր ուղղություններով: Դրանում ներառում են ոչ միայն միջպետական և հանրապետական, այլև տեղական նշանակության ճանապարհները: Այժմ կառանձնացնեմ գլխավոր մի քանի ուղղություններ: Կնշեմ Մ2 ճանապարհը, որը Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհն է: Այս հատվածում վերջին տասը տարիներին շատ չնչին միջամտություն է արվել: Այդ ուղղությամբ 82 կմ ճանապարհահատվածը հիմնանորոգվում է, ընտրված են ամենաանբարեկարգ հատվածները:

Մյուսը դեպի Բագրատաշեն ճանապարհահատվածն է: Մասնավորապես, Սևանի ճանապարհի՝ մինչև թունել տանող հատվածում իրականացվել են աշխատանքներ, նորոգվել է Դիլիջան-Հաղարծին, ինչպես նաև Հաղարծին- Հովք հատվածը: Այստեղ աշխատանքներն սկսվել էին անցած տարի, սակայն որոշակի թերություններ էին ի հայտ եկել, կապալառուն իր միջոցների հաշվին դրանք վերացրել է: Այս պահին իրականացվում են Իջևանի ներսում ճանապարհաշինարարական աշխատանքներ: Իջևանից հետո ևս ունենք 7 կմ հատված, որտեղ նորոգման աշխատանքներ են կատարվելու:

Լայն թափով իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ Իջևան-Նոյեմբերյան հատվածում՝ շուրջ 35 կմ երկարությամբ: Մյուս տարի մի փոքր աշխատանք ունենք Իջևանի օղակաձև հանգույցում, Դիլիջանի ոլորանների վրա և այլն:

Բաղանիսում ունենք շատ կարևոր հատված՝ մոտ 1 կմ երկարությամբ, որը բարեկարգվում է:

Այլ կարևոր ուղղություններից կառանձնացնեմ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 20 կիլոմետրը, որն այս տարի հիմնանորոգում ենք: Դրանից բացի, Մ3 ճանապարհը, որը Մարգարա Վանաձոր-Տաշիր Վրաստանի սահման 35-40 կմ հատվածն է, Մ7-ը՝ Գորիս-Վանաձոր ճանապարհը: Շատ կարելի է նշել, ինչպես տեսնում եք, լայնածավալ աշխատանքներ են կատարվում տարբեր ուղղություններով: Այստեղ մի հանգամանքի մասին կցանկանայի խոսել. տնտեսագետներից մեկն ասում էր, թե կապիտալ ծախսերը մի փոքր ուշացել են, և դա պայմանավորում է ճանապարհաշինարարական խոշոր ծրագրերով: Կուզենամ նշել, որ պետբյուջեով կապիտալ ծախսերը կազմում են շուրջ 200 մլրդ, իսկ ճանապարհաշինության ոլորտը 23 մլրդ է, այսինքն՝ ընդհանուրի 11 տոկոսը: Այնպես, որ ընդհանուր կապիտալ ծախսերի դանդաղ ընթացքը կապել միայն ճանապարհաշինության հետ, ճիշտ չէ:

-Ի՞նչ ճանապարհներ կառանձնացնեք, որոնք տասնյակ տարիներ շարունակ չեն հիմնանորոգվել:

- Իհարկե, ունենք բազմաթիվ տեղական ճանապարհներ, որոնք չեն հիմնանորոգվել 30 տարուց ավելի: Այսինքն՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդ հատվածներում որևէ աշխատանք չի կատարվել: Հանրապետական և միջպետական ճանապարհների դեպքում կան հատվածներ, որտեղ տարիներ շարունակ աշխատանք չի կատարվել: Օրինակ, Գյումրի-Կապս-Ամասիա հանրապետական նշանակության ճանապարհը, որի 5.7 կմ հատվածը՝ չհասած Ամասիա, երկար ժամանակ չի ասֆալտապատվել: Մյուսը՝ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի Ծափաթաղի հատվածը՝ 12.5 կմ, երբևէ չի ունեցել ասֆալտբետոնե ծածկ: Այս հատվածը կառուցելով՝ մենք Սևանի շուրջն ունենում ենք ամբողջական ասֆալտապատ տարածք: Թեպետ կան այլ հատվածներ, որոնք վերանայման կարիք ունեն, որոնց կանդրադառնանք առաջիկայում: Մեր նպատակն է Սևանի շուրջ ունենալ ամբողջական ասֆալտապատ հատված:

-Տարին ի՞նչ արդյունքներով ենք փակելու:

-Մեր առջև դրված էր թիրախ 330 կմ ճանապարհ հիմնանորոգել, միջին նորոգել: Մենք վստահ ենք, որ այս ցուցանիշը կապահովենք: Ի դեպ, այս ցուցանիշը վերաբերում է միայն ավտոմոբիլային ճանապարհների ոլորտին: Մենք ունենք համայնքային սուբվենցիոն ծրագրեր, որոնք հաշվարկված չեն 330-ի մեջ: Նաև 70 կմ-ի չափ կունենանք ճանապարհահատվածներ, որտեղ աշխատանքները մեկնարկած կլինեն տարվա վերջ, սակայն ավարտը կլինի 2020 թվականին:

-Ճանապարհների որակին անդրադառնանք: Ի՞նչ վերահսկողություն է իրականացվում աշխատանքների նկատմամբ, որքա՞ն կծառայեն այդ ճանապարհները:

-Նախ հստակեցնեմ պատասխանատվությունների շրջանակը: Առաջին պատասխանատուն կապալառուն է, որից հետո ունենք տեխնիկական վերահսկող կազմակերպություններ, պատվիրատու, որը վերահսկում է և՛ շինարարի, և՛ տեխնիկական վերահսկողի աշխատանքները: Որակյալ արդյունք ունենալու համար մենք մեր վերահսկողությունն ուժեղացրել ենք: Իհարկե, բացառել, որ որևէ թերություն չի առաջանա, հնարավոր չէ, քանի որ աշխատանքի մասշտաբները մեծ են, սակայն աշխատում ենք հասցնել նվազագույնի: Այս ընթացքում խնդիրներ եղել են անորակ աշխատանքի հետ կապված դեռ անցած տարի: Երբ բարձրաձայնեցինք, դրանից հետո գրեթե նման իրավիճակ չի եղել, մյուս կապալառուներն ավելի զգոն են դարձել: Այստեղ մի հարցի մասին կցանկանայի խոսել: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 25 տոկոս բեռնատարները գերբեռնված են անցնում, քան թույլատրվում է: Դա նշանակում է ավելի արագ են քայքայվում ճանապարհները, քան պետք է ծառայեն: Այստեղ նույնպես անելիք ունենք, վերահսկողությունը խստացվելու է և այդ վարորդները տուգանվելու են:

-Վարչապետը սեպտեմբերի 16-ին Վանաձորում հրավիրված ասուլիսում նշեց, որ Հայաստանում փաստացի ամբողջ ճանապարհաշինարարական ներուժը զբաղված է: Լինում են դեպքեր, երբ ճանապարհաշինարարական աշխատանքների համար մրցույթներ են անցկացվում, սակայն մասնակցող չի լինում: Ի՞նչ լուծումներ եք առաջարկում նման դեպքերում:

-Շատ կարևոր հարց եք բարձրացնում: Վերջերս ունեցանք մրցույթներ, որտեղ մասնակիցներ չեղան: Մենք կազմակերպեցինք քննարկում խոշոր կապալառուների հետ, հորդորեցինք, որ որոշ աշխատանքներ վերցնեն և իրականացնեն: Կառավարության որոշմամբ պայմանագիր կնքվեց: Ինչ վերաբերում է ներուժին, այո, այսօր դա մեծ խնդիր է: Կապալառուների թվաքանակի, տեխնիկայի առումով կարող ենք ասել, որ բավարար քանակությամբ ունենք, սակայն մասնագետների, կադրերի առումով խնդիր կա: Այն ոչ միայն կապալառուների անձնակազմում է, այլև նախագծային կազմակերպություններում, տեխնիկական հսկողության և նույնիսկ պատվիրատուի մոտ: Վերջերս հանդիպում ունեցա Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի դասախոսական կազմի հետ: Պարզվեց ինժեներական ֆակուլտետներ շատ քիչ դիմորդներ են լինում: Օրինակ, տրանսպորտի ֆակուլտետ 4-5 դիմորդ է եղել, այնինչ՝ 20 տարի առաջ 100-ն էին: Լրջագույն կադրային խնդիր ունենք:

-Նշվեց, որ հաջորդ տարի 500 կմ ճանապարհաշինարարական աշխատանքներ են նախատեսված: Կոչ էր արվում մեր հայրենակիցներին գալ Հայաստան, ներգրավվել աշխատանքներում՝ հաշվի առնելով ներուժի պակասը: Ի՞նչ ծրագրեր կան այս ուղղությամբ:

-Իհարկե, այդ ուղղությամբ ևս աշխատանք տարվելու է, որպեսզի ոչ միայն մեր հայրենակիցներին ներգրավենք աշխատանքներում, այլև օտարերկրյա կապալառու ընկերություններին: Ասեմ, որ հիմա էլ օտարերկրյա ընկերություններ աշխատում են Հայաստանում, մասնավորապես, չինական, ռուսական, իտալական կազմակերպություններ:

-Անդրադառնանք «Հյուսիս-հարավ» ծրագրին: Ներկայում ի՞նչ աշխատանքներ են տարվում, և առաջիկայում ի՞նչ է նախատեսված:

-Ինչպես գիտեք Տրանշ 2՝ Աշտարակ-Թալին հատվածի կապալառուի հետ պայմանագիրը խզել ենք: Այդ կազմակերպությունն այս տարվա սկզբում դիմել էր արբիտրաժ: Մենք այժմ պատասխան հայց ենք պատրաստում և դիմելու ենք արբիտրաժ: Դա չի նշանակում, որ այդ ժամանակահատվածում նշված ճանապարհահատվածի աշխատանքը դադարեցվելու է: Իհարկե ոչ: Մենք ներկայում քննարկումներ ենք անցկացնում Ասիական զարգացման բանկի հետ, այս պահի դրությամբ մի քանի տարբերակ է դիտարկվում: Տարբերակներից մեկը տեղական կապալառուների միջոցով այդ աշխատանքներն իրականացնելն է: Հաջորդ տարբերակը նոր մրցույթ անցկացնելն է: Կարծում եմ՝ լավագույն տարբերակը ենթաբաժիններ սահմանելն է և տեղական կապալառուների միջոցով աշխատանքներ իրականացնելն է: Ինչ վերաբերում է Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածին, ապա այստեղ աշխատանքներն ընթանում են բավական լայն տեմպով:

Առաջիկա անելիքների մասին՝ Գյումրիի շրջանցիկ հատվածում նախագծային աշխատանքներն ընթացքի մեջ են, ինչ վերաբերում է հարավային ուղղությանը, ապա այնտեղ ունենք Քաջարան Ագարակ հատվածը, որտեղ մեկնարկել են նախագծային աշխատանքները: Սիսիան Քաջարան հատվածի հետ կապված էլ աշխատում ենք միջազգային բանկերի հետ՝ դրամաշնորհ և վարկ համատեքստում: Ասեմ, որ ունենք լուրջ առաջընթաց: Ամենայն հավանականությամբ գարնանը կունենանք վերջնական համաձայնություն:

Աննա Գզիրյան

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում