Վարդենիկ գյուղում իրականացվում է սուբվենցիոն չորս ծրագիր

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում արդեն մեկ շաբաթ է, ինչ ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սկսվել են շինարարական լայնածավալ աշխատանքներ ճանապարհաշինության, խմելու եւ ոռոգման ջրի մատակարարման բարելավման նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիկ համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանը, սուբվենցիոն առաջին ծրագրով, որի պայմանագրային արժեքը կազմում է 252 միլիոն 364 հազար դրամ, նախատեսվում է ասֆալտապատել գյուղի 9 փողոց՝ շուրջ 6 կիլոմետր երկարությամբ եւ 27 հազար 650 քառակուսի մետր մակերեսով: Պայմանագրային արժեքի 60 տոկոսը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Վարդենիկի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները կավարտվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով հիմնանորոգվում են գյուղի խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարը եւ 80 դիտահորեր՝ իրենց փականներով և այլ սարքավորումներով: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 18 միլիոն 200 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիկի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները կավարտվեն մեկ ամսից, որից հետո Վարդենիկում հիմնովին կկարգավորվի խմելու ջրի մատակարարումը:

Սուբվենցիոն երրորդ ծրագրով հիմնանորոգվում են գյուղի ինքնահոս ոռոգման հողաշեն ջրատարի՝ 12 կիլոմետր երկարություն ունեցող Սարի առվի առավել վնասված հատվածները՝ 296 գծամետր երկարությամբ, որտեղ պետք է տեղադրվեն երկաթյա խողովակներ՝ կորուստները վերացնելու նպատակով: Նախատեսված է նաեւ ջրթողի կառուցում: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 34 միլիոն 800 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիկի համայնքապետարանը:Շինարարական աշխատանքները մեկնարկել են մեկ շաբաթ առաջ եւ կավարտվեն մինչեւ նոյեմբեր ամիսը:

Սուբվենցիոն չորրորդ ծրագրով, որի մեկնարկը տրվելու է այս շաբաթվա ընթացքում, նախատեսվում է նոր լուսավորության ցանցի կառուցում եւ գործող ցանցի վերափոխում լեդ համակարգով: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 24 միլիոն 75 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Վարդենիկի համայնքապետարանը: Նորաստեղծ թաղամասերում կառուցվելու է մոտ 6,5 կիլոմետր երկարության լուսավորության ցանց՝ 186 լուսատուներով: Լեդ համակարգով է փոխարինվելու 172 լուսատու՝ շուրջ 6 կիլոմետր երկարությամբ՝ էներգախնայողության նպատակով: Շինարարական աշխատանքները կավարտվեն մեկ-մեկուկես ամսվա ընթացքում:

«Վարդենիկում այժմ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 337 միլիոն դրամ, որից 128 միլիոնը ներդրվել է Վարդենիկի համայնքապետարանի կողմից: Գյուղի համար շատ կարեւոր, կենսական նշանակության այնպիսի խնդիրներ են կարգավորվում, որոնք իրենց լուծմանն են սպասել տասնամյակներով: Եկող տարում եւս , համոզված եմ, սուբվենցիոն նոր ծրագրերի հաշվին կկարգավորենք նաեւ մյուս առաջնահերթ հիմնահարցերը»,-նշեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը