Հասարակական

Օգնություն կարկուտից տուժած ընտանիքներին

2 րոպեի ընթերցում

Օգնություն կարկուտից տուժած ընտանիքներին

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Շիրակի մարզի կարկուտից տուժած ընտանիքները Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից կստանան դրամական օգնություն: Ինչպես տեղեկացնում են ընկերությունից դրամական օգնության տրամադրումը կմեկնարկի սեպտեմբերի 16-ին: Այս օգնությունից կօգտվեն Շիրակի մարզում այս տարի հունիսի 27-ին տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով առավել տուժած 925 ընտանիք՝ ընդհանուր առմամբ 4606 մարդ։ Այդ ընտանիքների յուրաքանչյուր անդամ կստանա 32 575 ՀՀ դրամ (ընդհանուր առմամբ՝ 150 040 450 ՀՀ դրամ)։ ՀԿԽԸ-ն առավել տուժած ընտանիքների ցուցակները վերջնական ճշգրտել և հստակեցրել է մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությամբ։

«Աղետից հետո ՀՀ Շիրակի մարզպետարանն իրականացրել էր կարիքների նախնական գնահատում՝ հայտնաբերելու առավել խոցելի՝ բերքի 75 - 100 տոկոսը կորցրած ընտանիքներին։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, որպես կառավարությանն աջակցող կառույց մարդասիրական ոլորտում, կարկուտից տուժած բնակչությանն աջակցելու նպատակով միջոցներ հայթայթելու համար համապատասխան ծրագրով դիմեց Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Աղետներին արձագանքման արտակարգ իրավիճակների ֆոնդին և ստացավ դրական արձագանք»,-«Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնից:

Դրամական աջակցությունը կտրամադրվի Շիրակ, Հովիտ, Կամո, Բասեն, Ջրառատ, Կառնուտ բնակավայրերի առավել տուժած ընտանիքներին՝ «Հայբիզնեսբանկի» «Գյումրի» և «Անի» մասնաճյուղերի միջոցով:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում