Սփյուռք

Շարունակվում է Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Կիպրոս

3 րոպեի ընթերցում

Շարունակվում է Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Կիպրոս

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոս կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն օգոստոսի 29-ին հանդիպեց Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, նախևառաջ կողմերն ամփոփեցին Հայաստան-Կիպրոս-Հունաստան սփյուռքի գծով եռակողմ համագործակցության ներկայիս վիճակն ու հետագա պայմանավորվածությունները՝ նշելով, որ համատեղ աշխատանքի առանցքում են լինելու երիտասարդության համախմբումը, բիզնեսի և զբոսաշրջության խթանումը երեք երկրների սփյուռքների միջև տեղեկացվածության բարձրացման և կապերի հաստատման միջոցով: Զարեհ Սինանյանը նաև շնորհակալություն հայտնեց Դեմետրիս Սիլուրիսին Կիպրոսի կողմից հայ համայնքին ցուցաբերվող ահռելի աջակցության, ինքնությունը պահելու և ինտերգրվելու լայն հնարավորություններ ընձեռելու համար: Կողմերը քննարկեցին Կիպրոսում հայկական դպրոցներին առնչվող հարցեր, Ներկայացուցիչների պալատի նախագահը առաջարկեց խթանել Հայաստանի և Կիպրոսի կրթական հաստատությունների միջև կապերի հաստատումը:

Այնուհետև Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ելույթ ունեցավ Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովի շրջանակներում: «Համաժողովի թեման՝ սփյուռքը, հարազատ ու մոտ է իմ սրտին ու հայ ժողովրդի սրտին, այն ժողովրդին, որի համար սփյուռքն ու նրա կարևորությունը խորթ երևույթներ չեն, և որը պատմականորեն ապավինել է իր սփյուռքի աջակցությանը»,-նշեց Զարեհ Սինանյանը՝ համառոտ ակնարկ կատարելով Հայաստանի պատմությանն ու այժմյան իրողություններին: Գլխավոր հանձնակատարի խոսքով՝ Ցեղասպանությունից հետո հայերը սփռվել են նաև եվրոպական երկրներում և Հայաստանն ավելի մոտեցրել ժողովրդավար Եվրոպային, այդ թվում՝ նաև Կիպրոսին: Սինանյանը հավելեց, որ Հայաստանը, Կիպրոսն ու Հունասատանն ունեն հզոր սփյուռքներ՝ եզակի որակական և մասնագիտական ներուժով, և այսօր ոչինչ չի խանգարում, որպեսզի տարբեր երկրներում մեր համայնքներն ավելի սերտ աշխատեն միասին և սատարեն միմյանց:

Ելույթից հետո համաժողովի մասնակիցները Զարեհ Սինանյանին հարցեր ուղղեցին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում