Հասարակական

Ձորագյուղում սուբվենցիոն ծրագրով կառուցվում է օրվա կարգավորիչ ջրամբար, ասֆալտապատվում մեկ փողոց

2 րոպեի ընթերցում

Ձորագյուղում սուբվենցիոն ծրագրով կառուցվում է օրվա կարգավորիչ ջրամբար, ասֆալտապատվում մեկ փողոց

ԳԱՎԱՌ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում արդեն միանգամից մեկնարկել է սուբվենցիոն երկու ծրագիր, ինչի արդյունքում համայնքը շուտով կունենա ասֆալտապատ 1 փողոց եւ խմելու ջրի մատակարարման օրվա կարգավորիչ նոր ջրամբար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ձորագյուղ համայնքի ղեկավար Լեւիկ Գրիգորյանը, սուբվենցիոն առաջին ծրագրով, որի ընդհանուր արժեքը կազմում է 58 միլիոն 500 հազար դրամ, նախատեսվում է 14-րդ փողոցի ասֆալտապատում՝ 700 գծամետր երկարությամբ եւ շուրջ 4500 քառակուսի մետր մակերեսով: Ծրագրի ընդհանուր արժեքի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ձորագյուղի համայնքապետարանը: Հիմնանորոգվող փողոցը տանում է դեպի համայնքի ավագ դպրոց:

Սուբվենցիոն երկրորդ ծրագրով գյուղի համար կառուցվում է խմելու ջրի օրվա կարգավորիչ նոր ջրամբար եւ ՕԿՋ-ից ներքին ցանցին միացվող նոր ջրատար՝ 550 գծամետր երկարությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 28 միլիոն 900 հազար դրամ, որի 60 տոկոսը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ձորագյուղի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում: §Երկու ծրագրերն էլ շատ կարեւոր են համայնքի բնակչության համար: Հիմնանորոգվող փողոցը տանում է դեպի ավագ դպրոց եւ հատվում է կենտրոնական ճանապարհին, իսկ օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցումը դարձել էր օրախնդիր հարց, քանի որ հին կարգավորիչ ջրամբարը, որը կառուցվել էր անցած դարի 60-ական թվականներին, արդեն քայքայվել ու կորցրել էր շահագործման պիտանիությունը: Այսուհետ մենք կունենանք հիմնովին բարելավված ջրամատակարարում»,-նշեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում