Արարատի մարզում երեխաների համար քաղաք է կառուցվելու

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը որոշում կայացրել «Երեխաների քաղաք» նախագծի իրականացման նպատակով Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներում անհատույց հողատարածքներ տրամադրել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Արարատի մարզպետարանի կայքից, նախագծի համաձայն՝ վերոնշյալ համայնքների տարածքներում նախատեսվում է կառուցել քաղաք, որտեղ կիրականացվեն երեխաների խնամքին, առողջության պահպանմանը, դաստիարակությանը և զարգացմանը, կրթական ծառայությունների արդյունավետ կազմակերպմանն ուղղված ծրագրեր:

Այդ քաղաքում ապահով օթևան կգտնեն հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով շուրջ 600 երեխա և երիտասարդ՝ իրենց ընտանիքների հետ, իսկ միջնորդավորված շահառուներ կարող են լինել մոտ 8000 մարդ՝ Հայաստանի այլ մարզերից և մայրաքաղաքից: Բանիմաց ու փորձառու մասնագետները փոքրիկ բնակիչներին կշրջապատեն առավելագույն ջերմությամբ և հոգատարությամբ, կցուցաբերեն անհատական վերաբերմունք ու մոտեցում:

«Երեխաների քաղաք» նախագծի հիմքում իրական՝ «մեծերի» քաղաքի մոդելն է՝ իրեն բնորոշ ենթակառուցվածքներով՝ մանկապարտեզ, միջնակարգ և ավագ դպրոցներ, հիվանդանոց, մարզահամալիր և այլ հաստատություններ՝ հարմարեցված շարժողական խնդիրներ ունեցողների ազատ տեղաշարժման համար:

Իր տեսակով յուրօրինակ այս քաղաքի բնակիչները հնարավորություն կունենան մասնագիտություններ ձեռք բերել, տիրապետել արհեստների, յուրացնել համակարգչային հմտություններ և ստացած գիտելիքներն ու փորձը կիրառել այնտեղ գործող արհեստագործական և գյուղատնտեսական մթերքների վերամշակման արտադրամասերում, հյուրատանը, ռեստորանում և այլ հաստատություններում:

Մանուկների համար նախատեսված հատուկ «քաղաքների» կառուցումը աշխարհում ընդունված պրակտիկա է, որն առաջին անգամ կիրառվել է Իտալիայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Հայաստանում նախագիծն իրականություն կդառնա «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի անմիջական աջակցությամբ:

«Երեխաները մեր ձեռքբերումների ժառանգորդն ու անմիջական շարունակողն են, մեր երկրի ապագան: Մենք պարտավոր ենք անել հնարավոր ամեն բան՝ ապահովելու նրանց անհոգ մանկությունը և երջանիկ, հարմարավետ ու ապահով ապրելու իրավունքը; «Կարիտաս» բարեսիրական ընկերության հետ համատեղ մեր բոլոր ուժերն ու ջանքերը կենտրոնացրեցինք նախագիծը կյանքի կոչելու համար: Քննարկումների արդյունքում ընտրեցինք 2 հարմար հողատարածք Շահումյան և Տափերական համայնքներում և նախագիծը ներկայացրեցինք նախարարների խորհրդի նիստին, որից հետո այն կառավարության կողմից հավանության արժանացավ», - ներկայացնելով նախագծի մանրամասները՝ պատմել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Մարզպետի խոսքով՝ Արարատի մարզի երեխաների համար այդօրինակ համալիրի կառուցումը կնպաստի մանկական աղքատության կրճատմանը, սոցիալապես անապահով երեխաների զարգացմանը, կրթության ապահովմանը, ինքնադրսևորմանը, ներառմանը հասարակությունում:

«Երեխաների քաղաքի» կառուցման աշխատանքները կմեկնարկեն արդեն այս տարվա աշնանը:

Հայերեն English

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը

Միրզոյանի՝ հանրաքվեով նոր Սահմանադրության մերժման դեպքում հրաժարականի առաջարկը համաձայնեցված չէ. ԱԺ նախագահ

Կենսաչափական փաստաթղթերի նոր համակարգը և վիզաների ազատականացման հեռանկարը

Կատարցի միջնորդները վերադարձել են Թեհրան՝ ԱՄՆ-Իրան բանակցությունները խթանելու նպատակով. Reuters

ԱԺ նախագահն ընդդիմությանն առաջարկել է աջակցել նոր Սահմանադրության հարցը հանրաքվեի դնելուն

Սևակ Միքայելյանն ընտրվել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ