Հայաստանի դատապարտյալների շախմատի թիմը 4-րդ տեղն է զբաղեցրել միջազգային առցանց առաջնությունում
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում օգոստոսի 6-ին ավարտվել է արագ շախմատի միջազգային առաջնությունը, որն անցկացվում էր Բրազիլիայի, ՌԴ-ի, Անգլիայի, ԱՄՆ, Իտալիայի, Բելառուսի, Հայաստանի քրեակատարողական հիմնարկների ուժեղագույն շախմատիստ դատապարտյալների միջև: Օգոստոսի 5-ին «Արթիկ», «Արմավիր» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների լավագույն շախմատիստ 4 դատապարտյալներից կազմված Հայաստանի թիմն առաջին փուլում իր ուժերը չափել էր Ռուսաստանի Դաշնության, Բրազիլիայի և Անգլիայի դատապարտյալների հետ՝ արժանի հաղթանակ տանելով Բրազիլիայի և Անգլիայի թիմերի նկատմամբ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, արագ շախմատի մրցաշարի եզրափակիչ փուլում հայ դատապարտյալների թիմը 3:1 հաշվով պարտվել է Իտալիայի հավաքականին, սակայն ոչ-ոքի խաղալով ԱՄՆ-ի հավաքականի հետ, 2,5-1,5 հաշվով հաղթելով Բելառուսի հավաքականին՝ առաջնությունում գրավել է 4-րդ հորիզոնականը:
Առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար գրավեցին ՌԴ-ի, Բելառուսի և Իտալիայի թիմերը, ԱՄՆ-ի թիմը 5-րդ հորիզոնականում էր, Բրազիլիայինը՝ 6-րդ, մրցաշարային աղյուսակը եզրափակեց Անգլիայի թիմը՝ հայտնվելով 7-րդ հորիզոնականում:
Միջազգային կարգի մրցավար Նորայր Քալանթարյանը, որը մշտապես ներկա է եղել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվող շախմատային խաղերին և նախապատրաստել հայ դատապարտյալներին միջազգային առաջնությանը, նշել է, որ մեր մարզիկները բավական պատրաստված էին, նպատակասլաց, և շախմատային նման հզոր երկրների հետ խաղում, ինչպիսիք էին մասնակից երկրները, 4-րդ հորիզոնական գրավելը խոստումնալից է և պատվաբեր:
Մրցաշարին հետևել է նաև Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Մանուկյանը, որը խաղի ավարտին Հայաստանի հավաքականի անդամներ Գոռ Աջամյանին, Հակոբ Աբաջյանին, Ժորա Նադարյանին և Վալերի Թումասյանին նվիրել է հայ անվանի շախմատիստ, աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հեղինակած «Գահերի խաղը» գիրքը, իսկ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից մասնակիցները կխրախուսվեն պատվոգրերով:
Առաջնության ընթացքում տեսազանգի միջոցով մասնակից երկրների քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները հանդես են եկել շնորհակալական խոսքով և հակիրճ ներկայացրել իրենց երկրների ՔԿՀ-ների շախմատային կյանքը: