Երանոս գյուղում իրականացվում են երեք սուբվենցիոն ծրագրեր
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում օգոստոսի առաջին օրերից մեկնարկել է միանգամից սուբվենցիոն երեք ծրագիր՝ փողոցի ասֆալտապատում, մանկապարտեզի հիմնանորոգում եւ գիշերային լուսավորվածության ցանցի ընդլայնում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Երանոսի գյուղապետ Սաշա Բավեյանը, սուբվենցիոն առաջին ծրագրով ասֆալտապատվում է 5-րդ փողոցի առաջին նրբանցքի եւ 11-րդ փողոցի մի հատվածը՝ շուրջ 650 մետր ընդհանուր երկարությամբ եւ 3000 մետր քառակուսի մակերեսով:Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 24300 հազար դրամ, որի 60 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 60 տոկոսը՝ Երանոսի համայնքապետարանը: Ծրագիրը մեկնարկել է օգոստոսի երկուսն եւ կավարտվի առաջիկա երկու շաբաթում:
Սուբվենցիոն երկրորդ ծրագրով նախատեսվում է գյուղի մանկապարտեզի հիմնանորոգում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 26 միլիոն 72 հազար դրամ, որի 65 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Երանոսի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են օգոստոսի երկուսն եւ կավարտվեն մինչեւ հոկտեմբեր ամիսը:
Սուբվենցիոն երրորդ ծրագրով նախատեսվում է 1 կիլոմետր 700 մետր երկարությամբ գիշերային լուսավորվածության ցանցի կառուցում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 16 միլիոն 280 հազար դրամ, որի 65 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Երանոսի համայնքապետարանը: Լուսավորվելու է երեք փողոց, որոնք ճյուղավորվում են կենտրոնական փողոցից: §Երանոսում աննախադեպ ներդրումների եւ ծավալուն շինարարական տարի ունենք: Շուտով կունենանք նորոգված ճանապարհներ, մանկապարտեզ, գիշերային լուսավորվածության ցանց երեք փողոցում: Ի դեպ, սրանով Երանոսում ամբողջովին լուսավորվում է կենտրոնական փողոցը, իսկ լուսավորվածության ցանցի երկարությունը կհասնի ութ կիլոմետրի, ինչը կազմում է ընդհանուր լուսավորվածության մոտ 30 տոկոսը: Մնացած թաղամասերը կփորձենք լուսավորել առաջիկա տարիներին»,-նշեց Սաշա Բավեյանը:
Խոսրով Խլղաթյան