Գեղարքունիքի մարզում նախապատրաստվում են ձկան փառատոնին
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի նախաձեռնությամբ եւ «Ռեստորանների հայկական միության» առաջարկով 2019 թվականի սեպտեմբերի 14-ին Սեւանի թերակղզում կանցկացվի ձկան փառատոն, որն իր բովանդակությամբ մարզում առաջին անգամ է կազմակերպվում՝ հավակնելով ձեռք բերել ամենամյա միջազգային հնչեղություն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, տոնակատարությունն անցկացվելու է Գեղարքունիքի մարզպետարանի և «Ռեստորանների հայկական միության» համատեղ ուժերով:
Ձկան փառատոնի նախապատրաստական աշխատանքների շուրջ քննարկումը տեղի ունեցավ օգոստոսի 2-ին, Գեղարքունիքի մարզպետարանում: Այն վարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Քննարկմանը մասնակցում էին «Ռեստորանների հայկական միության», «Սեւան» ազգային պարկի, Գեղարքունիքի մարզպետարանի շահագրգիռ ստորաբաժանումների պատասխանատուներ: Քննարկման ընթացքում կողմերը պայմանավորվեցին մինչեւ տոնակատարությունը առավոտյան Սեւանի ափամերձ տարածքներում իրականացնել մաքրման աշխատանքներ, իսկ միջոցառումը սկսել ժամը 15:00-ին:
«Ռեստորանների հայկական միության» գործադիր տնօրեն Վահե Գեւորգյանի խոսքով՝ միջոցառման ընթացքում առանձին տաղավարներով կներկայացվեն ձկնեղենից պատրաստված զանազան կերակրատեսակներ, կլինեն համտեսի, վաճառքի եւ տարբեր անվանակարգերի մրցութային արարողություններ: Տոնակատարությունը կուղեկցվի ազգային երգ ու պարով, մշակութային այլ համարներով ու կեզրափակվի հրավառությամբ:
Ձկան փառատոնով նախատեսում է ընդունել 3500-5000 մասնակցի: «Սեւանի ափին հանգստյան սեզոնի ավարտին կազմակերպված փառատոնով մենք եւս մեկ անգամ հանրության ուշադրությունը հրավիրում ենք Սեւանա լճի պահպանության խնդրին»,-շեշտել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Խոսրով Խլղաթյան