Երանոսում 200 տնտեսություն ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում տեղական բյուջեից ներդրված 5 միլիոն դրամի հաշվին կառուցվել է 1,5 կիլոմետր երկարության խմելու ջրատարի ներքին ցանց, ինչի արդյունքում շուրջօրյա ջրամատակարարմամբ է ապահովվել շուրջ 200 տնտեսություն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանը, խմելու ջրատարի ներքին ցանցը կառուցվել է գյուղի «Չըռի ձոր» կոչվող տարածքում եւ 5-րդ փողոցի առաջին նրբանցքում: «Այս թաղամասերում խմելու ջրատարի ներքին ցանցի քայքայված լինելու հետեւանքով ջրամատակարարման անկանոն վիճակ էր առաջացել: Խնդիրը կարգավորեցինք տեղական բյուջեի միջոցների հաշվին: Աշխատանքները սկսել ենք այս տարվա հունիսին եւ ավարտի հասցրել հուլիսի վերջերին: Հիմա արդեն ունենք կանոնավոր ու շուրջօրյա ջրամատակարարում: Այս աշխատանքների իրականացման արդյունքում մենք ունենք գյուղի ընդհանուր ներքին ցանցի 40 տոկոսի չափ հիմնանորոգված վիճակ, իսկ մնացած 60 տոկոսի համար պետք է գտնենք նոր միջոցներ, որպեսզի ունենանք հիմնանորոգված 100 տոկոսանոց ներքին ցանց: Տեղական միջոցների հաշվին այս տարվա ընթացքում կենսական նշանակության եւս մեկ հարցի ենք լուծում տվել՝ նորոգելով դաշտամիջյան ճանապարհները մոտ 900 հազար դրամի ներդրմամբ: Աշխատանքներն ավարտվել են հուլիսի 20-ի դրությամբ, եւ այժմ մեքենաները դաշտերից անասնակերն ու հացահատիկը տեղափոխում են միանգամայն բանուկ ու հարթեցված ճանապարհներով »,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:
Խոսրով Խլղաթյան