Հասարակական

Գնիր փազլ և օգնիր բնակարան ունենալ գյումրեցի 1 կամ 2 անօթևան ընտանիքի

2 րոպեի ընթերցում

Գնիր փազլ և օգնիր բնակարան ունենալ գյումրեցի 1 կամ 2 անօթևան ընտանիքի

ԳՅՈՒՄՐԻ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը նախաձեռնությամբ է հանդես եկել, որը կօգնի գյումրեցի 1 կամ 2 անօթևան ընտանիքի բնակարան ունենալ: 15 000 կտոր ունեցող փազլի է վերածվել գյումրեցի նկարիչ, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանի «Իմ հոգու տուն, Գյումրի» շարքի նկարներից մեկը: Մինչեւ սեպտեմբերի 21-ը 15 000 մասից կազմված փազլի մեկ կտորը 1000 դրամով գնել ու Գյումրին տնակներից ազատելու բարեգործական նախաձեռնությանը միանալ կարող են բոլորը: Հիմնադրամի կամավորները ամեն օր Գյումրու «Վարդանանց» հրապարակում՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Գյումրու տարածքային ստորաբաժանման մուտքի մոտ սպասում են բոլորին, իսկ նրանք ովքեր հնարավորություն չունեն Գյումրի գալու, բայց ունեն մեծ ցանկություն կարող են դա անել հիմնադրամի ֆեյսբուքյան էջի ու կայքի միջոցով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, փազլի առաջին 9 կտորը գնել է ՀՀ վարչապետը, վերջին կտորը ևս Նիկոլ Փաշինյանինն է, ով անձամբ կտեղադրի վերջին մասնիկը սեպտեմբերի 21-ին, իսկ մինչ այդ դա գեղեցիկ տուփով պահվում է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Գրիգորյանի մոտ։

«Նախաձեռնության 2 օրերի ընթացքում արդեն 250-ից ավելի վաճառված մասնիկներ կան: Սրա հիմնական նպատակը նաև այն է, որ նախաձեռնությանը մասնակցեն Գյումրիի բնակչությունը և արտերկրում բնակվող գյումրեցիները: Նվիրատվությունը կարելի է անել նաև օնլայն եղանակով: Ամեն ինչ արվում է բաց ու թափանցիկ»,-նշեց Գևորգ Գրիգորյանը՝ կոչ անելով բոլորին միանալ նախաձեռնությանը օգնելով անօթևան ընտանիքներին երկար սպասված բնակարանն ունենալու:

Ընտանիքի կամ ընտանիքների, ընտրությունը կարվի հիմնադրամի 21 անդամից բաղկացած հոգաբարձուների կողմից սահմանված չափորոշիչներին համապատասխան, բայց այն, որ նախապատվությունը կտրվի բազմազավակ ընտանիքի, դա հստակ է:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում