Հասարակական

Քննարկվեցին Գեղարքունիքի մարզում մարդու իրավունքների պաշտպանության հարցեր

6 րոպեի ընթերցում

Քննարկվեցին Գեղարքունիքի մարզում մարդու իրավունքների պաշտպանության հարցեր

ԳԱՎԱՌ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ ՀՀ մարդու իրավունքների պաշպտան Արման Թաթոյանը Գեղարքունիքի մարզպետարանում կայացած հանդիպման ընթացքում քննարկեցին մարզում մարդու իրավունքների պաշտպանոթյան հետ կապված մի շարք հարցեր:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ քննարկվեց հարցերի լայն շրջանակ՝ կապված հատուկ կարիքավոր երեխաների, հաշմանդամների, ընտանեկան բռնության դեպքերի, պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների, կանանց կարողությունների զարգացման, սոցիալական ու այլ կարգի հիմնահարցերի կարգավորման հետ:

  • Մենք ակտիվորեն համագործակցում ենք Գեղարքունիքի մարզպետարանի, համայնքապետարանների, հասարակական տարբեր կազմակերպությունների հետ, սակայն այդ համագործակցությանը պետք է հաղորդենք նոր թափ, որպեսզի կարողանանք ավելի սեղմ ժամկետներում լուծել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կուտակված հիմնախնդիրները, որոնք լուծման կարոտ են մնացել տարիների ընթացքում»,- նշեց Արման Թաթոյանը:

Մարզպետ Գնել Սանոսյանն առանձնացրեց մարզի այն հիմնախնդիրները, որոնք հանգեցնում են մարդու իրավուների խախտմանը եւ համընդհանուր դժգոհություններին:

  • Մեր մարզը շատ բարդ է՝ իր ժողովրդագրությամբ, աշխարհագրությամբ ու կուտակված հիմնախնդիրներով, որոնք տարիներ շարունակ լուծում չեն ստացել: Թեեւ մենք սահմանամերձ ու տասնյակ հազարավոր փախստականներով բնակեցված մարզ ենք, սակայն պետական մի շարք ծրագրերից միշտ դուրս ենք մնացել, եղել ենք անտեսված սահմանամերձ մյուս մարզերի համեմատ: Ի դեպ, փախստականները հիմնականում բնակեցված են սահմանամերձ կամ հեռավոր բնակավայրերում, որտեղ ենթակառուցվածքների ստեղծման կամ զարգացման հետ կապված բազմապիսի խնդիրներ կան, որոնց լուծման համար հսկայական միջոցներ են պահանջվում: Ունենք նաեւ արծվաշենցիներին փոխհատուցմում տրամադրելու խնդիրը, արտագնա աշխատանքի մեկնած տղամարդկանց ընտանիքներում առաջացած դժվարությունների կարգավորման, պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման, հատուկ կարիքավոր երեխաների կրթության ու դաստիարակության կազմակերպման, հաշմանդամների իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրներ: Բոլոր ոլորտներում մենք ամենօրյա անելիքներ ունենք, ունենք այնպիսի հիմնահարցեր, որոնք տարիներով իրենց լուծմանն են սպասում, ուստի մեզ հապաղել չի կարելի: Մենք քննարկում ենք յուրաքանչյուր քաղաքացու դիմում, բողոք, առաջարկություն, փորձում մեր հնարավորությունների սահմաններում բավարարել նրանց պահանջները, սակայն միջոցների անբավարարության պատճառով շատ հարցեր դեռ մնում են մասամբ կարգավորված կամ չկարգավորված: Արտակարգ դեպքերում դժվարանում ենք օժանդակել աղետից տուժած քաղաքացիներին կամ կազմակերպություններին, քանի որ այդ նպատակներով չունենք համապատասխան բյուջե: Դրա համար առաջարկել ենք կառավարությանը՝ ստեղծել արտակարգ դեպքերին արագ արձագանքելու հատուկ ֆոնդ ու հասնել նրան,որ նման դեպքերում փոխհատուցումները լինեն ե՛ւ բավարար, ե՛ւ արագացված ընթացակարգերով»,- նշեց մարզպետը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամություն հայտնեց՝ նշված հիմնահարցերը կառավարության առջեւ համատեղ բարձրացնելու եւ ընդհանուր լուծումներ գտնելու ուղղությամբ: Միաժամանակ Արման Թաթոյանը Գեղարքունիքի մարզպետին առաջարկեց օժանդակել ու աջակցել ՄԱԿ-ի եւ միջազգային հեղինակավոր այլ կառույցների միջոցներով ու հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ մարզում իրականացվող այն ծրագրերին, որոնք նպաստում են կանանց կարողությունների զարգացմանը: Հայտնելով իր աջակցությունը՝ Գնել Սանոսյանը միաժամանակ առանձնացրեց հասարակական այն կազմակերպությունները, որոնց գործունեությունն ուղղված է կանանց դերի բարձրացմանը, հաշմանդամ երեխաների ծնողների զբաղվածության ապահովմանը, հատուկ կարիքավոր երեխաներին կրթադաստիարակչական տարբեր ծրագրերում ներառելուն:

  • Մենք ունենք հասարակական այնպիսի կազմակերպություններ, որոնք Վարդենիսում, Ճամբարակում, Մարտունիում ծավալում են հասարակական ակտիվ գործունեություն՝ ուղղված բազմաթիվ կարեւորագույն հարցերի կարգավորմանը: Մեզ մնում է աջակից լինել այդ կազմակերպությունների նախաձեռնություններին ու ծրագրերին՝ ներառելով նաեւ նոր մտահղացումները կամ ծրագրերը, որպեսզի մեր քաղաքացիները, առավել եւս՝ հատուկ կարիքավոր երեխաները, կանայք, գործազուրկ կամ սոցիալապես անապահով ընտանիքները, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մարդիկ իրենց պաշտպանված ու անտեսված չզգան»,-շեշտեց մարզպետը:

Այնուհետև ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ «Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության» կողմից Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց հանդիպում մարզի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ ակտիվ երիտասարդների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում մասնակիցները անցկացրին քննարկում՝ «Կանանց իրավունքներրի խթանումը Գեղարքունիքի մարզում» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին նաեւ Բուլղարիայի ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներ: Հանդիպման նպատակն էր խթանել Մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում՝ բոլորի համար, ՀՀ ՄԻՊ գրասենյակի կարողությունների հզորացման միջոցով:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում