ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապված վերջին իրադարձությունները մի շարք կարևոր երևույթների են հանգեցրել:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
«Վերջին շրջանում Իրանի հետ կապված զարգացումները, որոնք սրեցին իրադարձությունները ընդհանրապես Մերձավոր Արևելքում, հանգեցրին մի շարք կարևոր երևույթների: Ռուսաստանը վերջերս առաջին անգամ հայտարարել է, որ Իրանը ոչ միայն իր գործընկերն է, այլ նաև դաշնակիցը: Դա նշել էՌուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար ՆիկոլայՊատրուշևը և հետո էլ վերահաստատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ Չինաստանը նույնպես հայտարարել է Իրանին իր աջակցության մասին: Այնպես, որ, եթե ԱՄՆ-ն փորձի Իրանի հետ հարաբերություններում ավելի սրացման գնալ, գործ կունենա նաև Ռուսաստանի և Չինաստանի հետ: Իհարկե, եթե բանը հասնի ռազմական գործողություններին, համոզված եմ, որ ոչ Ռուսաստանը և ոչ էլ Չինաստանը չեն խառնվի դրան, սակայն զենքով և զինամթերքով աջակցություն կցուցաբերեն Իրանին»,- ասաց Սաֆրաստյանը:
ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները վատթարացել են այն բանից հետո, երբ Վաշինգտոնը Թրամփի որոշմամբ անցյալ տարվա մայիսին դուրս է եկել 2015 թվականի միջուկային պայմանագրից, ինչից հետո վերականգնել և խստացրել է պատժամիջոցները: