ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հուլիսի 20-ին Մոսկվայում իր երրորդ աշխատանքային օրը սկսեց «Դիալոգ» կազմակերպության ներկայացուցիչների և գործընկերների հետ հանդիպումով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, ողջունելով Զարեհ Սինանյանին՝ կազմակերպության հիմնադիր նախագահ Յուրի Նավոյանը ներկայացրեց կազմակերպության պատմությունն ու հիմնական նպատակները:
Գլխավոր հանձնակատարը կարևորեց կազմակերպված միջոցառման ձևաչափը և իր խոսքն ավարտեց չինական հայտնի ասացվածքով. «Ուզում ես անցնել երկար ճանապարհ` արա առաջին քայլդ»: Այնուհետև բոլոր ներկաները հերթով հանդես եկան կարճ ելույթներով և Հայաստան-սփյուռք համագործակցության իրենց տեսլականի վերաբերյալ առաջարկություններով: Զարեհ Սինանյանը մասնակցեց ելույթներից հետո ծավալված ակտիվ քննարկումներին և պատասխանեց բոլոր հուզող հարցերին:
«Դիալոգ» կազմակերպությունը Մոսկվայում ակտիվորեն համագործակցում է ռուսաստանյան առաջատար վերլուծական կենտրոնների հետ, պարբերաբար մասնակցում է միջազգային գիտաժողովների: Կազմակերպում է քաղաքագիտական համաժողովներ, հասարակական բանավեճեր, մշակութային ձեռնարկներ, տարբեր մակարդակներում երկխոսություն է վարում քաղաքական կուսակցությունների և պետական հաստատությունների հետ: