Գլեդիս Բերեջիկլյանը հուսով է` Ավստրալիան մոտ ապագայում կճանաչի Հայոց ցեղասպանությունը. հարցազրույց

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի հայազգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը չորրորդ անգամ է Հայաստանում: Այս անգամ այցը մասնավոր է, սակայն հանդիպումներ են կայացել ՀՀ վարչապետի և նախագահի հետ: «Արմենպրես»-ը Գլեդիս Բերեջիկլյանի հետ զրուցել է առաջիկա ծրագրերի, Նոր Հարավային Ուելս նահանգի հայ համայնքի, Հայոց ցեղասպանության ճանաչման և այլ թեմաների շուրջ:

- Տիկին Բերեջիկլյան, 2019թ. մարտի 23-ին Նոր Հարավային Ուելս նահանգում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում դարձաք նահանգի հայազգի և կին առաջին վարչապետը: Նոր Հարավային Ուելսն իր մեծությամբ և բնակչության թվաքանակով մի քանի անգամ գերազանցում է Հայաստանին, իր տնտեսությամբ գերազանցում է նաև մի շարք առաջատար երկրների: Համագործակցության ի՞նչպիսի հեռանկարներ եք տեսնում Հայաստանի Հանրապետության հետ: Փոխգործակցության ծրագրեր ունե՞ք, որոնք այս անցի ընթացքում արդեն քննարկել եք Հայաստանի վարչապետի կամ նախագահի հետ:

- Ծրագրերը շատ լայն են, և հույս ունեմ, որ ապագայում կկարողանանք պաշտոնական մակարդակում հզոր կապեր ստեղծել, որովհետև ոչ պաշտոնական մակարդակում մեր սրտերը շատ մոտ են: Նոր Հարավային Ուելս նահանգի հայ համայնքը շատ հզոր է: Հայ համայնքի անդամները միշտ ցանկանում են ոչ միայն այցելել Հայաստան, այլ նաև օգտակար լինել երկրին: Պաշտոնական մակարդակում հարաբերությունները խորացնելու հարցը շատ լուրջ քննարկեցինք թե՛ վարչապետի, թե՛ նախագահի հետ, և հույս ունեմ, որ ապագայում կկարողանանք մեր հարաբերություններին պաշտոնական կարգավիճակ տալ:

- Հայաստան այցելել եք նաև 2013թ.-ին՝ ավստրալական քաղաքական գործիչների պատվիրակության կազմում։ Այդ այցից 6 տարի է անցել, ի՞նչ փոփոխություններ եք նկատում Հայաստանում և ի՞նչ տպավորություններ ունեք այսօր:

- Սա առաջին անգամ է, որ Հայաստան այցելում եմ որպես վարչապետ, բայց, ընդհանուր առմամբ, չորրորդ այցն է: Այստեղ ազգականներ ունեմ, և միշտ փորձում եմ գալ Հայաստան: Հայաստանում շատ փոփոխություններ եմ նկատել: Կարծում եմ` ժողովուրդն ավելի լավատես է, ապագայի նկատմամբ ավելի հույսով է լցված, շինարարությունն է բավական զարգանում, սակայն որոշ հարցեր կան, որոնք ապագայում պետք է լուծվեն: Բայց ես լավատես եմ Հայաստանի հետ կապված և զգում եմ, որ սփյուռքի հայությունը միշտ Հայաստանի կողքին կանգնած է:

- Հայաստանում ինչն է ձեզ առավել գրավել, և Նոր Հարավային Ուելսի զբոսաշրջիկներին ինչը կարող է գրավել, որպեսզի նրանք էլ այցելեն Հայաստան:

- Կարծում եմ` Հայաստանում կգրավեն անուշ պատմությունը, տեսարժան վայրերը: Հայաստանն ավելի լավ ձևով պետք է մատուցի իր հարստությունները, մանավանդ պատմական արժեք ներկայացնող կոթողները: Օրինակ` արևմտյան աշխարհը, եթե տեղեկանա, որ այստեղ գոյություն ունեն 4-5-րդ դարերի եկեղեցիներ, նրանց մոտ մեծ հետաքրքրություն կառաջանա:

- Նախորդ անգամ նաև Արցախ էիք այցելել, այս անգամ այդպիսի այց նախատեսո՞ւմ եք:

- Դժբախտաբար, ոչ: Այս անգամ այցը շատ կարճ է, միայն մեկ շաբաթով եմ ժամանել ընտանեկան հարցերով, պետք է մասնակցեմ հարսանեկան արարողության: Բայց ապագայում դարձյալ կայցելեմ Արցախ, երկու անգամ եմ այնտեղ եղել, և միշտ ընկերներիս հորդորում եմ, որ իրենք էլ գնան: Մոտ ապագայում Ավստրալիայից պատգամավորական այլ խումբ կժամանի, հուսով եմ, որ նրանք կգնան Արցախ:

- Հպարտորեն նշում եք, որ 1915թ. Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքի թոռնուհի եք, ձեր գործունեության ընթացքում բազմիցս Ավստրալիայի իշխանություններին կոչ եք արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ըստ ձեզ՝ Ավստրալիան երբ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչ հնարավորություններ կան դրա համար, և ինչ քայլեր եք ձեռնարկում այդ ուղղությամբ:

- Մեր նահանգն արդեն 20 տարի է` ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Արցախի անկախությունը ճանաչում է: Մենք հուսով ենք, որ Ավստրալիան նույնպես կճանաչի, եթե Գերմանիան և որոշ երկրներ կարող են ճանաչել, և ես միշտ իմ խորհրդարանական ընկերների մոտ այդ հարցը բարձրացնում եմ: Հուսով եմ, որ մոտ ժամանակներս Ավստրալիան նույնպես կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

- Հայաստանից դուրս բարձր պաշտոնների շատ քիչ թվով հայեր են կարողանում հասնել: Ի՞նչ խորհուրդ կտաք սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին, ովքեր դեռ նոր են պատրաստվում զբաղվել քաղաքականությամբ:

- Երկու բան է ինձ միշտ օգնել` հավատն ու աշխատասիրությունը: Եթե անընդհատ աշխատես, ամեն ինչ կարող ես անել: Ինձ միշտ հարցնում են, թե ո՞րն է գաղտնիքը, ասում եմ` գաղտնիք չկա: Գիշեր-ցերեկ պետք է աշխատես, և պետք է միշտ լավատես լինես, այդ երկու բաները շատ կարևոր են:

- Ապագայում ավելի բարձր պաշտոններ զբաղեցնելու ծրագրեր ու նպատակներ ունե՞ք:

- Ոչ, իմ վարչապետի պաշտոնը բավական է: Սակայն 17 տարի առաջ, երբ խորհրդարանի անդամ դարձա, բնավ չէի պատկերացնում, որ մի օր պետք է վարչապետ լինեմ: Բայց կամաց-կամաց, երբ մեկ հաջողություն գրանցում ես, հասկանում ես, որ մյուսին ևս կարող ես հասնել: Այդպես հասա այս պաշտոնին:

- Շնորհակալ եմ հարցազրույցի համար:

Հարցազրույցը` Նորայր Շողիկյանի

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Հայերեն العربية English Français

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում