Հասարակական

Էրիկ Գրիգորյանը վստահեցրեց, որ առաջիկա օրերին Սևանի կանաչ գույնը կվերանա 

2 րոպեի ընթերցում

Էրիկ Գրիգորյանը վստահեցրեց, որ առաջիկա օրերին Սևանի կանաչ գույնը կվերանա 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը անդրադարձավ Սևանա լճի աղտոտման խնդրին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ ռեստորաններից, հյուրանոցներից և այլ կառույցներից մեծաքանակ աղտոտում է գնում, նաև բնակչության կողմից է ավելացել աղտոտումը, օրինակ՝ 15-20 տարի առաջ այդքան լվացքի մեքենաներ չկային, և այդքան քիմիական նյութեր չէին օգտագործվում:

Ըստ նախարարի՝ պատճառ է նաև ջերմաստիճանը, հունիսին աշխարհում ամենաբարձր ջերմաստիճանն է գրանցվել, տեղումներն էլ պակաս են եղել, նաև շատ քամիների պատճառով մեծ գոլորշիացում է տեղի ունեցել:

«Այս պահին Սևանի հետ կապված ամենամեծ հարցն ախտորոշումն է. պետք է հստակ հասկանալ` այդ աղբյուրները որոնք են»,- ասաց նա։

Նախարարը նշեց, որ գերմանական մի ինստիտուտ և տեղական կենտրոնները գնահատումներ են իրականացրել, և պետք է հաշվարկեն զարգացման սցենարն ու հիմնական վտանգները:

«Ուսումնասիրությունների առաջին փուլն արդեն ավարտված է։ Օրինակ՝ ֆոսֆորի տվյալները լճի ջրում ավելացել են։ Երեք մաքրման կայանները միայն մեխանիկական մաքրում են իրականացնում, իսկ ահա ջրի որակի լավացում չեն իրականացնում։ Ֆոսֆորի քանակն այժմ նվազում է, և ըստ մասնագետների՝ առաջիկա 7-10 օրում ջրի կանաչ գույնը կվերանա», - ասաց Էրիկ Գրիգորյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում