Հասարակական

Գավառի նորակոչիկները շուրջպար բռնեցին բանակ մեկնելուց  առաջ

3 րոպեի ընթերցում

Գավառի նորակոչիկները շուրջպար բռնեցին բանակ մեկնելուց  առաջ

ԳԱՎԱՌ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Հուլիսի 2-ին Գեղարքունիքի մարզում մեկնարկեց ամառային զորակոչը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի վարիչ Տիգրան Հակոբյանը, այսօր նորակոչիկները բանակ ճանապարհվեցին Գավառ եւ Մարտունի քաղաքներից: Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի Գավառի բաժանմունքում նորակոչիկներին բանակ ճանապարհելու էին եկել մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, Ոստիկանության մարզային վարչության, մարզային զինկոմիսարիատի ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներն ու հարազատները: Բանակ մեկնելուց առաջ Գավառի տարածաշրջանի համայնքները ներկայացնող նորակոչիկները միասին շուրջպար բռնեցին զինկոմիսարիատի բաժանմունքի շենքի բակում՝ ոգեւորելով նաեւ ներկաներին:

  • Սիրելի ծնողներ, դուք հպարտ եք, որ ձեր երեխաները գնում են Հայոց աշխարհը պաշտպանելու, ապահովելու նրա խաղաղությունը: Սիրելի նորակոչիկներ, դուք, որպես այս երկրի հպարտ քաղաքացիներ, գնում եք ծառայելու Ազատ, Անկախ Հայաստանին, որպեսզի գիշերները հանգիստ գլուխը բարձին դնեն ձեր ընտանիքի անդամները, ձեր հայրենակիցները: Դուխով գնացեք ծառայության, դուխով էլ վերադարձեք », -բարեմաղթանքի խոսք հնչեցրեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը:

Շնորհավորելով նորակոչիկներին ու նրանց ծնողներին՝ Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի Գավառի բաժանմունքի պետ Վանիկ Գոզեյանը միաժամանակ առաջարկեց՝ վաղն առավոտյան անձամբ գալ հավաքակայան եւ ներկա գտնվել տեղի ունեցող վիճակահանությանը: Նորակոչիկները եւ նրանց ծնողներն այցելեցին Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ մոմեր վառելու եւ հոգեւոր օրհնություն ստանալու:

  • Ձեզ շնորհավորում ենք այսօր, քանի որ դուք առողջ եք, կամքով լի, ոգեւորված՝ հայրենի հողը պաշտպանելու գնալիս: Մենք աղոթք ենք բարձրացնում առ Աստված ու խնդրում ձեզ համար անսպառ հաջողություններ, մեր հողին՝ տեւական խաղաղություն: Թող ծառայության այդ երկու տարիները ձեզ համար լինեն ձեր կյանքի հպարտության տարիները: Ցանկանում ենք, որ անվտանգ ծառայեք, տուն վերադառնաք, ստեղծեք ձեր ընտանիքները եւ հզորացնեք մեր հայրենիքը: Բարի ծառայություն ձեզ»,-օրհնության խոսք հղեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Գնել քահանա Մարտիրոսյանը:

Մարտունու տարածաշրջանի նորակոչիկներին ոգեւորությամբ, դհոլ-զուռնայով, երգուպարով Հայոց բանակ ճանապարհեցին նրանց ծնողներն ու հարազատները, Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը, Գեղարքունիքի մարզային զինվորական կոմիսար Գեւորգ Մխեյանը, պաշտոնական այլ անձինք:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում