Հասարակական

Տավուշի սահմանամերձ գյուղերում պատրաստվող շապիկները, դրամապանակները և այլ իրերը մեծ հետաքրքրություն են առաջացրել գնորդների մոտ

3 րոպեի ընթերցում

Տավուշի սահմանամերձ գյուղերում պատրաստվող շապիկները, դրամապանակները և այլ իրերը մեծ հետաքրքրություն են առաջացրել գնորդների մոտ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տավուշի սահմանամերձ Բերքաբեր համայնքի «ՆանՍոն» կարի արտադրամասում և Կողբի գեղարվեստի դպրոցում գործող «Երեքնուկ» արհեստանոցում օր օրի ավելանում է պատվերների թիվը։ Բերքաբերում հիմնված «ՆանՍոն» կարի արտադրամասը իր գործունեության մեկ տարվա ընթացքում հասցրել է 40 տարբեր ընկերությունների հետ գործնական կապեր հաստատել:

«Արտադրամասը հիմնվել է անցած տարի և արդեն մեր աշխատանքներում օր օրի դրական միտում ենք տեսնում, քանի որ պարբերաբար պատվեր ենք ստանում, ինչպես նաև շատացել են պատվերների ծավալները: Իրավիճակ է եղել, երբ չէինք կարողանում հասցնել կատարել պատվերները, ուստի որոշեցինք մեծացնել արտադրամասի տարածքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց արտադրամասի հիմնադիր Խորեն Խուդավերդյանը։

Նրա խոսքով` իրենց արտադրամասը լուծում է նաև գյուղի բնակիչների սոցիալական խնդիրը և հնարավորություն է տալիս բնակիչներին մնալ գյուղում: «Ցավոք, հումքը բերվում է արտասահմանից, հագուստ կարելու համար այդպիսի որակի կտորներ Հայաստանում չունենք, իսկ շուկան պահանջում է բարձր որակի կտորներ»,- նշեց արտադրամասի հիմնադիրը:

Կարի արտադրամասը ստեղծվել է «Սահման» կազմակերպության աջակցությամբ։ Բերքաբերցի ձեռնարկատիրոջն աջակցում է նաեւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը։

ԻսկԿողբի գեղարվեստի դպրոցում գործող «Երեքնուկ» նախաձեռնության անդամները 10 տարուց ավելի ստեղծում են ձեռքի աշխատանքներ՝ նկարազարդ դրամապանակներ, պայուսակներ, ակնոցի և հեռախոսի տուփեր, գոտիներ, վզնոցներ,բատիկ վզկապներ, դեկորատիվ կոմպոզիցիաներ և այլ հուշանվերներ, որոնց վաճառքից ստացված գումարի մի մասը ծախսվում է դպրոցի կարիքների համար:

«Նախաձեռնությունը մոտ 10 տարուց ավելի գործում է: Կողբի գեղարվեստի դպրոց են հաճախում ոչ միայն սահմանամերձայս գյուղի, այլև շրջակա համայնքների երեխաները։ Բարեգործական դպրոցը մասնավոր է և անվճար, այսինքն՝ չունի պետության կողմից ֆինանսական աջակցություն, ուստի որոշեցինք ինչ-որ ձևով օգնել դպրոցին։ Այդ նպատակով ստեղծեցինք այս խումբը, որը 10-ից ավելի աշխատողներ ունի։ Արտադրանքը վաճառում ենք Հայաստանի ողջ տարածքում ՝ հիմնականում համացանցի միջոցով»,- ասաց նախաձեռնության հիմնադիրներից Սաթենիկ Ղուլիջանյանը։

«Երեքնուկ» նախաձեռնության անդամները սովորեցնում են նաև երեխաներին կիրառական արվեստի ճյուղերը՝ սկսած մետաքսի վրա նկարչությունից մինչև կարպետագործություն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում