Մշակույթ

«Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցն» իր հնգամյակը նշեց շքեղ տոնական մենահամերգով

3 րոպեի ընթերցում

«Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցն» իր հնգամյակը նշեց շքեղ տոնական մենահամերգով

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցը», որը հինգ տարի շարունակ կրթել է պարարվեստը սիրող բազմաթիվ սաների, հունիսի 23-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում հագեցած համերգային ծրագրով տոնեց հիմնադրման հոբելյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դահլիճում պարարվեստը գնահատող և սիրող հանդիսատեսն էր, իսկ բեմում` պարարվեստի նվիրյալները:

Դպրոցի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր բալետմայստեր Ասատուր Քալաշյանը, գլխավոր փորձավար Ռաֆայել Քալաշյանը և գլխավոր փորձավարուհի Աննա Քալաշյանն ջանք չէին խնայել, որ սաներն ըստ արժանվույն ներկայանան պրոֆեսիոնալ հարթակում:

«5 Տարի միասին» խորագրով համերգի ընթացքում ելույթ ունեցան դպրոցի հիմնական 10 դասարանից 6-ի սաները։ Ծրագիրը հարուստ էր, և հանդիսատեսը վայելեց նոր բեմադրություններ՝«Տանգո սիլուետ», «Երևան», «Կարմեն», «Հեյ ջան»,

«Արցախի ուլնեցիների պար», «Պատկերներ», «Տղամարդիկ», «Հոյ Նազան», «Քոչարի», «Սուսերով պար», «Կոմիտաս», վրացական և այլ ազգային պարեր։

Շառլ Ազնավուրի ծննդյան 95 ամյակի առիթով ծրագրում կար նաև մեծն շանսոնյեի «Լա Բոհեմ» երգի ներքո արված բեմադրություն։ Ներկայացվեցին տարբեր ժանրերի պարեր՝ հայկական, այլ ազգերի ժողովրդական պարեր, ջազային, ժամանակակից, ջազ-բալետ և այլն, իսկ «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» ուսուցանման հիմքում դրված է դասական պարը:

Դպրոցի 5-ամյակին իրենց շնորհավորական ելույթներն ունեցան «Այբ» շոու բալետ պարային ստուդիան և հատուկ հյուր մնջախաղաց, պարող Կարեն Խաչատրյանը։

Հինգ տարի առաջ՝ 2014 թվականին, նոր կադրերի որոնման ճանապարհին ստեղծվեց «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցն» ու իր շուրջը հավաքեց պրոֆեսիոնալ պարարվեստով զբաղվել ցանկացող երեխաների։ Ստեղծելիս նպատակը մեկն էր՝ ունենալ բարձրակարգ պարողներ, ովքեր ապագայում կշարունակեն իրենց ուսուցիչների գործը, վառ կպահեն ու կզարգացնեն հայկական պարարվեստը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում