Մշակույթ

Կյանքից հեռացել է կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը

2 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել է կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Ստեփան Շաքարյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կոմպոզիտորների միության հասարակայնության հետ կապերի բաժնից, Շաքարյանի հոգեհանգստի և հուղարկավորության մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ:

Ստեփան Շաքարյանը ծնվել է1935թվականի հոկտեմբերի 23-ին Բաքվում: 1952թվականին տեղափոխվել էԵրևան: Ընդունվել էԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, իսկ 1956 թվականին Արամ Խաչատրյանի խորհրդով և հրավերով տեղափոխվել է Մոսկվայի Գնեսինների անվան ինստիտուտ, այնուհետև՝ Լենինգրադի կոնսերվատորիա: Ավարտել է ուսումը և վերադարձել Երևան։

Նա ՀՀ ռադիոպետկոմի մենակատարների ջազ-անսամբլի հիմնադիր-ղեկավարն է։

2009 թվականին«Շարմ հոլդինգ» ընկերությունը թողարկել է Ստեփան Շաքարյանի «Լուսինը սարերի վրա» ձայնասկավառակը, որը ներառվել է «Հայկական ջազ 70» ձայնասկավառակների հավաքածուում:

Շաքարյանն ստեղծել է ավելի քան 100 ջազային կոմպոզիցիա, որոնք ընդգրկված են հայկական տարբեր ջազային կոլեկտիվների նվագացանկերում։ Նրա ստեղծագործությունները կատարում են Հայաստանի պետական ջազային, Հանրային հեռուստա-ռադիոընկերության էստրադային և ջազային և մի շարք այլ նվագախմբեր։ Ստեփան Շաքարյանը մշակել է հայկական ժողովրդական երգերը, որոնց տվել է ջազային շունչ։ «Բինգյոլից մինչև Կանզաս սիթի» ստեղծագործությունը դարձավ հայկական ջազի ստանդարտ։ Նրա սիմֆոնիաները և կոնցերտները հնչեցրել են հայ և այլազգի բազմաթիվ կատարողներ։

Շաքարյանի հանրահայտ ստեղծագործություններն են` «Խորեոգրաֆիկ սիմֆոնիա», «Նախանձ», «Աղավնավանք» բալետները, Սյուիտ՝ կամերային նվագախմբի համար, «Կոմիտասի հիշատակին», «Հայաստան» սիմֆոնիկ պոեմները, Սիմֆոնիկ նախերգանքը:

Շաքարյանը հեղինակ է մի շարք մուլտֆիլմերի երաժշտության՝ «Հայելի», «Անհաղթը», «Պինգվին Վինը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում