ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է նորակառույց բազմաբնակարան շենքի բացման արարողությանը
1 րոպեի ընթերցում
![ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է նորակառույց բազմաբնակարան շենքի բացման արարողությանը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/06/979000.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ համակարգի՝ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ծրագրի շրջանակում հունիսի 19-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում տեղի է ունեցել հերթական նորակառույց բազմաբնակարան շենքի բացման հանդիսավոր արարողությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անհատույց սեփականության իրավունքով տրամադրվող բնակարանների բաշխումը կազմակերպվել է բաց և թափանցիկ վիճակահանության միջոցով, որի արդյունքում շահառուներն իրենք են ընտրել իրենց բնակարանները:
Հանձնելով բնակարանների բանալիները և ռազմաքաղաքական ղեկավարության անունից շնորհավորելով նորակառույց շենքի բնակիչներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մաղթել է երջանիկ օրեր նոր ու հարմարավետ բնակարաններում:
Նորակառույց շենքի հանդիսավոր բացումից հետո կատարվել է տնօրհնեքի արարողություն։