Հասարակական

Գեղարքունիքում սուբվենցիոն ծրագրերի իրականացման մեկնարկը տրվել է Գեղհովիտ համայնքից

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում սուբվենցիոն ծրագրերի իրականացման մեկնարկը տրվել է Գեղհովիտ համայնքից

ԳԱՎԱՌ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գեղարքունիքի մարզում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի մեկնարկը տրվեց Գեղհովիտ համայնքից, որտեղ նույն ծրագրի շրջանակներում այս պահին ասֆալտապատվում է գյուղի կենտրոնական փողոցը՝ մոտ 800 մետր երկարությամբ ու շուրջ 5000 քառակուսի մետր մակերեսով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղհովիտ համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանը՝ փողոցի ասֆալտապատման նախագծանախահաշվային արժեքը կազմել է մոտ 41 միլիոն դրամ, որի 60 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գեղհովիտի գյուղապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2019 թվականի հունիսի 11-ից եւ կավարտվեն մոտակա օրերի ընթացքում: «Սա հույժ կարեւոր ծրագիր էր մեր համայնքի համար, կարելի է ասել՝ տարիներ ի վեր սպասված ծրագիր, որով այս ճանապարհը կապվում է մեր գյուղի միջով անցնող Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհին՝ թեթեւացնելով այդ ճանապարհի երթեւեկության բեռը: Մեր հաջորդ սուբվենցիոն ծրագիրը, որը վերաբերում է ոռոգման համակարգի կառուցմանը, սպասում է կառավարության հաստատմանը: Հուսանք, որ այդ կենսական նշանակության ծրագիրը եւս կավարտենք այս տարվա ընթացքում»,-հավաստեց համայնքի ղեկավարը:

Մարզում մեկնարկած սուբվենցիոն առաջին ծրագրի իրականացման ընթացքին տեղում ծանոթացավ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Մարզպետը մանրազնին դիտարկում անցկացրեց շինհրապարակում՝ համապատասխան ցուցումներ տալով շինարարներին ու հրահանգեց՝ խստիվ պահպանել շինարարության որակը, նպատակային ծախսել տրամադրված միջոցները:Շրջայցից հետո մարզպետն «Արմենպրես»-ին ներկայացրեց մարզում իրականացվող սուբվենցիոն մյուս ծրագրերի մասին ամփոփ տեղեկատվություն: «Մենք ՀՀ կառավարություն ենք ներկայացրել 112 սուբվենցիոն ծրագիր, որոնցից առաջինն, ինչպես տեսնում եք, արդեն կյանքի է կոչվում Գեղհովիտում: Այսօրվա դրությամբ ՀՀ կառավարության կողմից ունենք հաստատված 36 ծրագիր, իսկ առաջիկա շաբաթներից յուրաքանչյուրի ընթացքում հաստատված կունենանք մինչեւ 15-20 ծրագիր: Կարծում եմ, որ մե ամսվա ընթացքում հաստատված ու մեկնարկած կլինեն բոլոր ծրագրերը, որոնք հիմնականում ընդգրկում են ճանապարհների, կրթական ու նախակրթական հաստատությունների, խմելու ու ոռոգման ջրատարների նորոգման կամ կառուցման ոլորտները: Սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար կառավարության ու համայնքների կողմից կատարված ներդրումների ընդհանուր արժեքը կազմելու է ավելի քան 6 միլիարդ դրամ: Ես անձամբ լինելու եմ շինարարական բոլոր տեղամասերում՝ աշխատանքների ընթացքը դիտարկելու եւ որակական կողմի ապահովմանը մշտապես հետեւելու նպատակով: Համապատասխան վերահսկողություն կիրականացվի նաեւ մարզպետարանի քաղաքաշինության վարչության կողմից, որպեսզի հատկացված միջոցները ծախսվեն արդյունավետ ու նպատակային»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում