ԵՄ-ն իրականացնելու է ՀՀ հյուսիսային երեք մարզերում զբոսաշրջության խթանման 13 մլն եվրո արժողությամբ ծրագիր

5 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության կողմից առաջիկայում Հայաստանում իրականացվելիք և ՀՀ կառավարության հաստատած 13 մլն եվրո արժողությամբ զբոսաշրջության զարգացման ծրագիրը ներառելու է հյուսիսային երեք մարզերը ՝ Շիրակ, Լոռի և Տավուշը։ Այս մասին հունիսի 16-ին, Աշոցքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Հուսով եմ, որ այս տարվա հոկտեմբեր-նոյեմբերին արդեն մենք կկարողանանք սկսել այդ լայնածավալ ծրագիրը, որի արժեքը հասնում է 13 միլիոն եվրոյի և հիմնականում միտված է զբոսաշրջության խթանմանը: Արդեն Շիրակի մարզպետի հետ քննարկումներ սկսել ենք, որպեսզի նրա կարծիքն էլ իմանանք, թե ինչպես լավագույնս կարող ենք ծախսել այդ գումարը: Կես միլիոն եվրո պահուստավորված է ձմեռային մարզաձևերի կենտրոնի համար, ես լիահույս եմ, որ այդ կենտրոնը կտեղակայվի մոտավորապես այս տարածքում՝ Շիրակի հյուսիսում և կամրապնդի Աշոցքի՝ Հայաստանի ձմեռային մարզաձևերում ունեցած դերակատարումը»,-նշեց դեսպանը։

Նա վստահեցրեց, որ այս 13 մլն եվրո գումարի շրջանակներում փոքր ձեռնարկատերերը հնարավորություն կունենան ստանալ փոքր դրամաշնորհներ՝ զբոսաշրջության խթանման նպատակով: «Մենք մեծ հույս ենք կապում այս երեք մարզերի մարզպետների հետ, որպեսզի նրանք մեզ ուղղորդեն ու ոգեշնչեն այդ գումարը լավ ծախսելու համար: Անշուշտ, մի քանի տարի կպահանջվի արդյունքների տեսանելի լինելու համար, ուստի, պետք է համբերատար լինեք: Բայց մենք շարժվում ենք այս ուղղությամբ: Հուսով ենք, շուտով կստորագրենք պայմանագիր մեր գործընկեր կառույցի՝ Գերմանիայի զարգացման գործակալության հետ: Ես երազում եմ, որ աշնանը հիմնական աշխատանքները սկսվեն»,- հավելեց Պյոտր Սվիտալսկին:

Այս պահին Եվրամիությունը ՀՀ կառավարության հետ քննարկում է նաև համայնքների աջակցության ծրագիր: Այն լինելու է ՀՀ-ԵՄ 2019 թվականի գործողությունների ծրագրում: «Այս ծրագրի մանրամասները դեռ չեմ կարող բացահայտել, քանի որ դեռ ՀՀ կառավարության հետ քննարկումների փուլում ենք, բայց մենք ուզում ենք, որ գումարն անմիջապես ուղղորդենք տեղական համայնքներին՝ գյուղերին և քաղաքներին: Հայաստանում իմ գործունեության առաջին իսկ օրվանից դա ինձ համար եղել է առաջնահերթություն՝ նախագծերը կենտրոնացնենք Երևանից դուրս՝ մարզերում, տեղական համայնքներում: Ինձնից կախված ամեն ինչ արել եմ, և լիահույս եմ, որ այս ծրագիրը լավ կիրականացվի»,- հավաստեց դեսպանը:

Անդրադառնալով Հայաստանին դատաիրավական համակարգի բարեփոխման նպատակով հավելյալ 25 մլն եվրո տրամադրելու հանգամանքին՝ նա նշեց. «Այո՛, Հայաստանը ստացել է 25 մլն եվրո: Դա քաղաքական որոշում է, որովհետև դա արտացոլում է Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունների՝ Եվրամիության կողմից դրական գնահատականը: Այժմ ձեր կառավարության հետ քննարկում ենք, թե ուր ուղղորդել այդ գումարը, և դա պետք է շատ արագ որոշենք, քանի որ դա հրատապ գումար է՝ արագ պետք այդ 25 մլն հատկացվի ինչ-որ նպատակների: Եվրոպական միությունը աջակցում է Հայաստանին արդարադատության բարեփոխումներին և պատրաստ է ցուցաբերել աջակցություն: Մենք սպասում ենք կառավարության նախաձեռնությանը և սպասում ենք, որ կառավարությունը կներկայացնի համապարփակ և հստակ ծրագրեր: Մեր ներքին ծրագրավորման մեջ, սակայն, մտածում ենք, որ կարողանալու ենք բավական զգալի գումար հատկացնել արդարադատության բարեփոխումներին, բայց, նախաձեռնությունն հիմա կառավարությանն է»:

Վերջում պատասխանելով լրագրողների՝ Հայաստանի նոր կառավարության հետ ԵՄ համագործակցությանը հետ կապված հարցին, դեսպանը նշեց. «Ստիպում եք ինձ պատասխանել այնպես, ինչպես Ֆեդերիկա Մոգերինին. «Մենք այս կառավարությն հետ ունենք գերազանց հարաբերություններ և բավարարված ենք թե ինչպես ենք առաջ շարժվում մեր միասնական օրակարգով»»:

Արմենուհի Մխոյան

Հայերեն العربية English Русский

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել