Տնտեսություն

Փաշինյանը հույս ունի Հայաստանում տեսնել տեղում արտադրված սարքերով կենցաղային  տեխնիկայի լիարժեք հայկական արտադրություն

3 րոպեի ընթերցում

Փաշինյանը հույս ունի Հայաստանում տեսնել տեղում արտադրված սարքերով կենցաղային  տեխնիկայի լիարժեք հայկական արտադրություն

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրում՝ Մերձավան համայնքում նախորդ տարվա դեկտեմբերին բացված «Այ Էմ Ջի գրուփ» ընկերությունում, որն արտադրում է կենցաղային տեխնիկա, արտադրական աշխատանքները սկսվել են:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մայիսի 23-ի նիստում նշեց, որ սա Հայաստանում առաջին փորձն է կենցաղային տեխնիկա հավաքելու, նման փորձ չի եղել նաև խորհրդային տարիներին: Նա հույս հայտնեց, որ ժամանակի ընթացքում հեռուստացույցներ և այլ կենցաղային տեխնիկա Հայաստանում կարտադրվի նաև ոչ թե ներկրված սարքերով, այլ տեղում արտադրված, որպեսզի լիարժեք այդ արտադրանքը համարվի հայկական: Փաշինյանը նկատեց, որ այս հարցը նաև քաղաքական ենթատեքստ ունի, հետաքրքրությունը մեծ է, քանի որ նշվում էր, թե «գնացել, բացում են արել, և այդ գործարանը չի աշխատում»:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց, որ այս պահին այնտեղ 15 մարդ հեռուստացույցներ են հավաքում: «Ինձ հրավիրել էին, ես ասացի՝ մինչև 70 մարդ այնտեղ միաժամանակ աշխատանքային պրոցեսում չլինեն, չեմ գնա: Սա կատակով, իհարկե, բայց հաջորդ շաբաթներին, երբ արդեն կգան լվացքի մեքենաների ու մնացած տեխնիկայի մասերը, որոնք ճանապարհին են, և 70 մարդ աշխատանքի մեջ կլինի, ես կգնամ այնտեղ ու լայն հանրային լուսաբանում կլինի: Այս պահին 1200 հատ հեռուստացույցների համար անհրաժեշտ մասերը գտնվում են այստեղ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Խաչատրյանը:

2018-ի դեկտեմբերի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Մերձավան համայնքում ներկա է գտնվել «Ինթերնեշնլ մանուֆաքչրինգ գրուպ» ՓԲԸ-ի՝ կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի բացմանը: Այն հայ-լիբանանյան-սիրիական համատեղ ներդրումային ծրագիր է։ Ընկերության նախնական կապիտալ ներդրումը և գործառնական ծախսերը կազմում են 4.5 մլն ԱՄՆ դոլար: Սկզբնական փուլում գործարանը կունենա 70-80 աշխատատեղ և տարեկան կարտադրի 126 հազար միավոր կենցաղային տեխնիկա՝ հեռուստացույց, լվացքի մեքենա, օդափոխիչ, սառնարան և տեխնիկա:

Ներդրումային ծրագիրն իրականացվելու է 3 փուլով. առաջին փուլում իրականացվելու է տեխնիկայի հավաքագրում, որը կտևի 2 տարի, երկրորդ փուլում արդեն կսկսվի տեխնիկայի արտադրության գործընթացը, իսկ երրորդ փուլում կիրականացվի կենցաղային տեխնիկայի ամբողջական արտադրություն և ավտոմատացում: Նախատեսվում է, որ գործարանը կսպասարկի ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ տարածաշրջանի և ԱՊՀ երկրները:

Մեկ ու կես ամիս անց ընկերությունը պլանավորում է գործարկել նաև երկրորդ հոսքը, որի արդյունքում կկոմպլեկտավորվի 2000 օդորակիչ և 3000 հեռուստացույց: Երկրորդ հոսքի գործարկման արդյունքում ընկերությունում կստեղծվի ևս 30 աշխատատեղ: Հայկական արտադրության լվացքի մեքենաները, սառնարանները և օդորակիչները սպառողին կներկայանան «ԱՅՈ» (AIO) ապրանքանիշի ներքո:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում