Մշակույթ

Վահե Բուդումյանն ազատվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից

2 րոպեի ընթերցում

Վահե Բուդումյանն ազատվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Վահե Բուդումյանն ազատվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մայիսի 13-ին Բուդումյանը հայտնել է ֆեյսբուքի իր էջում:

«Սիրելի՛ ընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ մայիսի 15-ից ազատված եմ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից։ Գիտեմ, որ ասածս մի շարք հարցեր է առաջացնելու. դրանց կանդրադառնամ ստորև։ Մինչ այդ ուզում եմ շնորհակալություն ասել Մշակույթի նախարարության բոլոր աշխատակիցներին, մշակույթի գործիչներին, ոլորտը լուսաբանող լրագրողներին և ընդհանրապես բոլորին, ում հետ առնչվել եմ այս ընթացքում։ Ինձ համար մեծ պատիվ էր ձեզ հետ աշխատելը, այս մեկ տարին սիրով կհիշեմ»,-նշել է Բուդումյանը:

Նա ընդգծել է, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մշակույթի նախարարության Կրթության և գիտության նախարարությանը միավորվելու համատեքստում իր թեկնածությունը չի դիտարկվում նախարարի տեղակալի համար, ազատման դիմում է ներկայացրել, որը հաստատվել է։

«Ո՞վ է լինելու իմ փոխարեն. չեմ կարող ասել, բայց հուսով եմ, որ նոր նախարարի տեղակալը, ում կվստահվի գրահրատարակչության, գրադարանների և մամուլի ոլորտների համակարգումը, լիարժեքորեն և արդյունավետ կերպով կիրականացնի նախարարության քաղաքականությունը։

Ի՞նչ է լինելու ծրագրերի հետ. Բոլոր հաստատված, ընթացիկ ծրագրերն ուժի մեջ են և չեն կարող կասեցվել։ Ամեն դեպքում դրանք կարող են և պետք է վերանայվեն՝ հաշվի առնելով տարեվերջյան արդյունքները»,-շեշտել է Բուդումյանը:

Վահե Բուդումյանը ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հունիսի 13-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում