Էջմիածին-Արմավիր ճանապարհին երկու ավտոմեքենա է այրվել, հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու այրված դի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 5-ին, ժամը 00:00-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղից դեպի Ակնալիճ տանող հատվածում այրվում է ավտոմեքենա (գազի բալոններով բեռնված):
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 10 կմ-ի ձախակողմյան հատվածում բախվել են գազի բալոններով բարձված (10 հատ, տարողությունը չի հաջողվել պարզել) «ԶԻԼ-130» (վարորդ՝ Ա.Ե., ծնված 1982 թ.) և «Opel» (վարորդ՝ Կ.Գ., ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Բախման հետևանքով բալոնները պոկվել և ընկել են երթևեկելի հատված, իսկ մեկ բալոն պայթել է և բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:50-ին, մարվել 01:20-ին:
Ավտոմեքենաներն ամբողջությամբ այրվել են:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, տեղազննման արդյունքում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու այրված դի: