Քայլերթ-ֆլեշմոբ Գյումրիում
1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գյումրիում անցկացվեց ֆրանկոֆոն երկրների հուշարձանները ներկայացնող ֆլեշմոբ: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, գյումրեցիների՝ կամավորների ու թիվ 29 դպրոցի 50-ից ավելի աշակերտների հետ քայլեցին Գյումրու փողոցներով:
Ֆրանկոֆոն երկրների հայտնի հուշարձանների նկարները պատկերող բաճկոններով երիտասարդները Գյումրու փողային նվագախմբի ուղեկցությամբ քայլեցին քաղաքի կենտրոնական հատվածով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային կառույցի ղեկավար Վալերի Նազարեթյանը՝ միջոցառման նպատակը գյումրեցիներին ֆրանկոֆոն երկրների մշակույթին ծանոթացնելն էր: «Այս ընթացքում երեխաները ոչ միայն անցորդներին են ներկայացնում ֆրանկոֆոն երկրների հայտնի ճարտարապետական կառույցները, այլ նաև իրենք են ավելի խորը ծանոթանում դրանց»,- նշեց Վալերի Նազարեթյանը:
Ֆլեշմոբ-քայլերթն անցավ Թատերական հրապարակ-Սայաթ Նովա փողոց երթուղով:
Արմենուհի Մխոյան