Տնտեսություն

Չինացի գործարարը զբոսաշրջային խումբ կուղարկի Լոռու մարզ

3 րոպեի ընթերցում

Չինացի գործարարը զբոսաշրջային խումբ կուղարկի Լոռու մարզ

ՊԵԿԻՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային երկրորդ գագաթնաժողովի շրջանակում Չինաստան ժամանած Լոռու մարզպետԱնդրեյՂուկասյանն ուղևորվել է Շանսի, որտեղ հանդիպել է նահանգի ղեկավար կազմի և գործարարների հետ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Լոռու մարզպետի օգնական Գայանե Մարկոսյանը՝ նշելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության ուղիները:

«Շանսիի նահանգապետ Լոու Յանշենը իր պատրաստակամությունն է հայտնել առավել ակտիվ համագործակցության համար՝ նշելով, թե չնայած նրան, որ 2011 թվականից Շանսիի և Լոռու միջև կա կնքված համաձայնագիր, սակայն համագործակցության ակտիվ քայլեր վերջին 8 տարիների ընթացքում չեն արվել և նոր մարզպետի նշանակումից հետո նահանգապետն ակնկալում է ավելի արդյունավետ համագործակցություն»,- ասաց Մարկոսյանը։

Լոռու մարզպետը հանդիպել է Շանսի նահանգի ղեկավար կազմի հետ, ովքեր համակարգում էին տարբեր ոլորտներ, մասնավորապես՝ գյուղատնտեսություն, ներդրումային ոլորտ, զբոսաշրջություն, արդյունաբերություն, հանքարդյունաբերություն, ինչպես նաև տարբեր ոլորտները ներկայացնող մի շարք գործարարների հետ:

«Մեզ հետ Շանսիում այդ հանդիպմանը մասնակցում էր Լոռու մարզում վերջին ամիսներին ներդրումային ծրագիր սկսած «Նյու Իդա» ընկերության ղեկավարը, ով կիսեց իր դրական փորձը համերկրացիների հետ»,- ընգծեց Մարկոսյանը:

Ըստ նրա՝ չինական կողմը իր հետաքրքրվածությունն է հայտնել հատկապես գյուղատնտեսության, հանքարդյունաբերության և զբոսաշրջության ոլորտներում:

«Տուրիզմի ոլորտը ներկայացնող գործարարը ցանկություն հայտնեց Հայաստան, մասնավորապես, Լոռու մարզ չինացիների զբոսաշրջային խմբեր բերելու, ինչի հետ կապված գործարարը առաջարկել է ներկայացնել Լոռու զբոսաշրջային ներուժը փաթեթների տեսքով: Տուն վերադառնալուն պես Լոռվա պատվիրակությունը հանդես կգա զբոսաշրջային փաթեթների հստակ առաջարկներով և, վստահ ենք, հատկապես այս ոլորտում ամենաարագ տեմպերով մենք դրական համագործակցություն կունենանք»,- նշեց Մարկոսյանը:

Լոռու մարզպետը Շանսի նահանգից զատ Պեկինում արդեն իսկ ունեցել է հանդիպումներ տարբեր ոլորտները ներկայացնող գործարարների հետ:

Այցի ընթացքում Շանսի նահանգի և Լոռու մարզի միջև կնքվել է համաձայնագիր, որը ստորագրել են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և Շանսիի փոխնահանգապետ Վան Իսինը:

Համաձայնագրի հիմքում դրված էր այն, որ պետք է տարբեր ոլորտների ուղղությամբ գործընկերային հարաբերություններ հաստատվեն:

Կարեն Խաչատրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում