Բացահայտել Հայաստանն ու քաղավիացիայի հնարավորությունները. Դանիացի ուսանողները պրակտիկա են անցնում մեր երկրում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոպենհագենի համալսարանական քոլեջի ուսանողներն իրենց պրակտիկան անցկացնում են Հայաստանում՝ ուսումնասիրելով մեր երկրի քաղաքացիական ավիացիայի փորձն ու հնարավորությունները: Բոլոր ծախսերը հոգում է դանիական կողմը:

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ նպատակ ունի քաղաքացիական ավիացիան որպես կառույց բաց պահել, որպեսզի երիտասարդները հնարավորություն ունենան ներսից ծանոթանալու ոլորտին:

«Շատ կարևոր է, որ քաղավիացիան ու ընդհանրապես տարբեր պետական մարմիններ, մասնավոր հիմնարկներ ուսանողների հետ շատ ջերմ համագործակցեն: Արդյունքում՝ կառույցը բացվում է, մարդիկ հնարավորություն են ունենում ծանոթանալու աշխատանքին, հասկանալու այդտեղ աշխատելու հավանականությունը: Շատերը պատկերացում չունեն այս կամ այն կառույցի գործունեության մասին: Ու շատ հաճախ այնպես է ստացվում, որ եթե ասենք պապիկդ օդաչու է, ապա դու կարող ես իմանալ ավիացիայի մասին և ցանկանաս աշխատել այդտեղ: Հակառակ դեպքում դու չես պատկերացնում և չես տեսնում քո հնարավորությունն այդ ոլորտում: Դռները բացելով՝ ուզում եմ, որ երիտասարդները հետաքրքրվեն և, միգուցե, ցանկություն առաջանա գալ աշխատել այս ոլորտում»,-ասաց կոմիտեի նախագահը:

Այդպես եղավ Տաթևիկ Ռևազյանի հետ, երբ նա տարիներ առաջ Դանիայից, որտեղ սովորել է Կոպենհագենի բիզնես դպրոցում, Հայաստան էր եկել, այցելել էր «Զվարթնոց» օդանավակայան, ծանոթացել տեղի ավիացիայի հնարավորություններին, նա նաև աշխատել է Կոպենհագենի օդանավակայանում և այդ ամենից տպավորված էլ որոշել է իր գործունեությունը շարունակել հենց այս ոլորտում:

«Ամեն ինչ անում եմ, որ և՛ դպրոցականները, և՛ համալսարանների ուսանողները գան, ծանոթանան, հետաքրքրվեն ոլորտով: Ու չեմ սահմանափակվում Հայաստանով: Իմ աջակցությունն եմ հայտնում, որ այլ երկրներից էլ ուսանողներ գան մեր երկիր: Տվյալ դեպքում, մեզ մոտ են դանիացի ուսանողները, որոնք ուսումնասիրում են ավիացիայի ոլորտում մեր հնարավորությունները»,-ասաց նա: Նախորդ տարի Դանիայից երկու ուսանող էին եկել, սակայն վերադառնալուն պես նրանք այնքան են պատմել Հայաստանի մասին, որ իրենց ընկերներից նույնպես ցանկացողներ եղան պրակտիկան անցկացնել Երևանում: Այդ ամենին նպաստում է նաև Կոպենհագենի համալսարանական քոլեջի դասախոս Յակոբ Ցյուղուփը, ով ևս եղել է Հայաստանում և Դանիայում ուսանողներին մեր երկրի մասին պատմելու առիթը բաց չի թողնում:

Դանիացի ուսանող Մեդս Էգը բավական տպավորված է Հայաստանով: Քաղավիացիայի ոլորտի հնարավորություններին ծանոթանալուց բացի, նպատակ ունի հնարավորինս շատ վայրեր այցելել՝ բացահայտելու երկրի մշակույթը, պատմությունը, խոհանոցը:

«Երբ եկավ պրակտիկայի ժամանակը, ես ցանկացա ընտրել մի երկիր, որն ուրիշ է՝ Դանիա չէ, Եվրոպա չէ: Հայաստանի մասին շատ էի լսել, որոշեցի գալ այստեղ, մանավանդ, որ Տաթևիկ Ռևազյանի գործոնն էլ կար: Նախատեսում ենք լինել մի քանի քաղաքներում, այցելել եկեղեցիներ: Կլինենք Ցեղասպանության թանգարանում»,-ասաց Մեդս Էգը:

Նիկոլա Թոմսոնը Հայաստանում ուսումնասիրում է քաղավիացիայի շինությունների անվտանգության հարցերը: Նա Դանիայում աշխատել է այդ ոլորտում, և իր համար հետաքրքիր է այստեղ ուսումնասիրություն կատարելը, խնդիրները բարձրաձայնելը:

Նիլս Շմիթը հետաքրքրված է փոքր ավիացիայով: Ուսումնասիրում է մեր երկրում այդ ոլորտի զարգացման հնարավորությունները, տարածաշրջանի փորձը և առանձնացնում, թե ինչը կարելի է կիրառել Հայաստանում ոլորտը զարգացնելու համար:

Դանիացի ուսանողները հիացած են հայկական խոհանոցով: Նրանք ընդգծում են, որ Հայաստանում ամեն ուտեստ արժե փորձել: Նրանք առանձնացրեցին հայկական տոլման, լավաշը, խորովածը, գարեջուրը, սուրճը:

Աննա Գզիրյան

Հայերեն English Français Русский

Լավրովը Բաքվում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատումն արդեն իրատեսական է․ ԵԱՀԿ նախագահ

Դա լուծման հնարավոր տարբերակներից մեկն է. Արարատ Միրզոյանը՝ անկլավ-էքսկլավների փոխանակման մասին

Ռուսաստանը կշարունակի բենզին ներմուծել առնվազն մինչև 2026 թվականի վերջը

Ռուբեն Ռուբինյանն ու Կլոդ Վիզլերը քննարկել են Հայաստան–Լյուքսեմբուրգ համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ ԱԺ նախագահն ու Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի նախագահը քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանի համար ԵԱՀԿ-ի հետ կապված ընկալումները փոխվել են․ Միրզոյան

Սև ծովում մեկ օրվա ընթացքում հրդեհ է բռնկվել երկրորդ նավում

ԱՄՀ-ում հայտարարել են, որ բրնձի գինը 50%-ով աճել է Մերձավոր Արևելքում հակամարտության սկզբից ի վեր

Մակրոնը հոկտեմբերի 19-21-ը  կայցելի Պարսից ծոցի երկրներ