Համաներման ակտից առաջ Արդարադատության նախարարությունում կանխատեսել են կրկնահանցագործությունների հավանականությունը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարությունը Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի առթիվ համաներում հայտարարելուց առաջ կանխատեսել էր համաներվածների շրջանում կրկնահանցագործությունների հավանականությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 29-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Արտակ Զեյնալյանը:
«Այն ժամանակ, երբ դեռ համաներման ակտը նախագիծ էր, հայտնել էինք, որ հավանականություն կա, որ անձինք, ովքեր համաներվել են կարող են դարձյալ կատարել հանցագործություններ, և վերադառնալ Քրեակատարողական հիմնարկներ: Սակայն դրանք փոքր տոկոս են կազմում»,- ասաց նախարարը:
Արտակ Զեյնալյանը նշեց, որ համաներմամբ ազատ են արձակվել բացառապես առաջին անգամ հանցագործություն կատարած անձինք:
«Համաներման ակտով արգելք է սահմանված` եթե անձը մեկ անգամ համաներումով ազատ է արձակվել, եթե մեկ անգամ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել կամ ներում է ստացել նախագահի կողմից, ապա կրկին դատապարտված լինելու պարագայում համաներումը նրա վրա չի տարածվում: Ազատ են արձակվել բացառապես առաջին անգամ հանցագործություն կատարած անձինք, և նրանք է, որ կրկին հանցանք են կատարել»,- նշեց Արտակ Զեյնալյանը:
Արդարադատության նախարարը հավելեց, որ այժմ իրենց կողմից մշակվում են մեխանիզմներ, որպեսզի նվազեցնեն ռիսկերը կրկին հանցագործություն կատարելու նրանց համար, ովքեր համաներմամբ ազատ կարձակվեն:
ՀՀ գլխավոր դատախազության հրապարակած տվյալներով՝ 2019թ. փետրվարի 15-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, համաներման մասին օրենքը տարածվել և կիրառվել է 4601 անձի նկատմամբ: Ընդ որում՝ նրանցից 621-ը փաստացի ազատվել են քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժը կրելուց, իսկ 1564 մեղադրյալներ, ամբաստանյալներ ազատվել են քրեական պատասխանատվությունից (նրանց նկատմամբ դադարեցվել է հարուցված քրեական հետապնդումը) կամ դատարանի կողմից նշանակված պատժի կրումից:
Փետրվարին ՀՀ ոստիկանապետը հայտնել էր, որ համաներմամբ ազատ արձակված անձանցից 58-ը կրկին հանցագործություն է կատարել: