Հասարակական

Աննա Վարդապետյանն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության բաժնի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Աննա Վարդապետյանն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության բաժնի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության բաժնի ղեկավար Միխայիլ Լոբովի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել է նաև ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:

Հանդիպման ընթացքում փոխնախարարը ԵԽ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կողմից մշակվող Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի նախագծերի ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը: Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ Արդարադատության նախարարությունն ունի հստակ վերջնաժամկետներ նախագծերը Խորհրդարան ներկայացնելու համար:

Միխայիլ Լոբովը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և կարևորել վերոնշյալ օրենքների նախագծերի մշակման աշխատանքները:

Փոխնախարար Վարդապետյանը գործընկերների հետ քննարկել է նաև Վարչական իրավախախտումների և Քրեակատարողական օրենսգրքերի նախագծերի մշակման գործընթացը՝ ընդգծելով, որ Արդարադատության նախարարությունը կարևորում է այս չորս նախագծերի միաժամանակյա մշակումն ու ընդունումը, որպեսզի բացառվեն հակասություններն ու համընկնումները տարբեր օրենսգրքերի նախագծերում առկա իրավակարգավորումներում:

Կողմերը քննարկել են նաև նախագծերի մշակման աշխատանքներին ԵԽ աջակցության ձևաչափերը՝ փորձագետների ներգրավման, միջխմբային քննարկումների կազմակերպման, հանրային քննարկումների և Խորհրդարանում աշխատանքային խմբերի մասնակցությամբ քննարկումների կազմակերպման հարցերում:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են սերտ համագործակցության պատրաստակամությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում